‘
Առաջին մասը, երկրորդ մասը, երրորդ մասը, չորրորդ մասը
Պատահական չէ, որ էթնիկ կոնֆլիկտի հղացքը, որը քննարկեցինք հոդվածի նախորդ մասում, հավասարապես ընդունելի եւ օգտագործելի է ոչ միայն կայսերական խոսքի, այլեւ «նացիոնալիստների» համար: Պատահական չէ այն պատճառով, որ կայսրությունները, պայքարելով քաղաքական ազգայինի՝ անկախության ձգտման դեմ, հովանավորում են ազգայինի այլ դրսեւորումներ, որոնց հենքն է բացարձակ թշնամության քարոզը, որով ազգային պայքարում կենտրոնական դեր է գրավում ոչ թե անկախության ձգտումը, այլ այս կամ այն ժողովրդի կամ պետության դեմ անհաշտ, բացարձակ պայքարը:
«Նացիոնալիզմն» ընդդեմ անկախության
Անկախության հասնել կարելի է միայն այն դեպքում, երբ ամեն տվյալ պահի անկախ ես նաեւ դաշնակից ու հակառակորդ ընտրելու հարցում, երբ, այլ կերպ ասած՝ կախված չես մեկընդմիշտ միեւնույն թշնամությամբ կամ բարեկամությամբ: Անկախ քաղաքականություն հնարավոր չէ վարել առանց այդ ճկունության եւ ինքնաբավության, հետեւաբար բացարձակ թշնամության քարոզի վրա հիմնված «ազգայնականությունն» իր էությամբ իսկ հակադիր է անկախության ձգտմանը, որով եւ առնվազն անվտանգ է կայսերական տեսակետից:
Կայսրության համար վտանգավոր է միայն այն ազգայնականությունը, որի առանցքը անկախության գաղափարն է, եւ որն, այդպիսով, ուղղված է ցանկացած կայսերականության դեմ, եւ հակառակը՝ կարող է շահավետ լինել ա՛յն «ազգայնականությունը», որի առանցքն է այլ՝ ոչ կայսերական ժողովուրդների նկատմամբ հավետ թշնամանք քարոզելը: Այստեղ ծուղակներն այնքան շատ են, որ նույնիսկ մեր լավագույն՝ անկախության դիրքերից խոսող գործիչներից ու մտածողներից շատերը չեն կարողացել դրանից վերջնականապես խուսափել: Երբ հարցը զուտ քաղաքական ներկային է վերաբերվել, շատերն են կարողացել հասկանալ, որ հավետ թշնամանքի քարոզն անկախության գաղափարի հակադիրն է: Բայց երբ հարցը խորանում է մինչեւ պատմական անցյալ, ապա այստեղ ակամայից գերակայող է դարձել կայսերական տեսակետը սպասարկող հղացքը:
Չար քոչվորների միֆը
Ոչ միայն մեր դասագրքերը, այլեւ մեր լավագույն գործիչներից, մտածողներից ու գիտնականներից շատերը տուրք են տվել պատմական այն տեսությանը, համաձայն որի՝ հայերի եւ «քոչվոր» թուրքերի միջեւ առկա է հավետ թշնամանք, որի դրսեւորումներից է միայն այսօրվա հակամարտությունը, եւ որ հազար տարի առաջ սկսված թուրքական արշավանքներն են հիմնական պատճառը մեր պատմական ձախողումների: Մենք, իհարկե, հայ-թուրքական հավետ բարեկամության հայելային հակադիր հիմարության կողմնակիցը չենք, բայց պետք է շեշտենք, որ նման «հազարամյա» պատմությունները, որպես կանոն, զուրկ են իրական բովանդակությունից եւ ոչ թե պատմական են, այլ միֆական: Թուրքերն առաջին քոչվորները չեն, որոնք ներխուժել են մեր տարածաշրջան. նման ներխուժումները Մերձավոր Արեւելքի պատմության մշտական ռիթմի մասն են՝ թուրքերից առնվազն 2000 տարի առաջ սկսած: Քոչվորական բոլոր ներխուժումներն ավարտվել են եկվորների շատ արագ մշակութային ձուլմամբ տեղական քաղաքակրթությունների մեջ, քոչվորական արշավանքները թեեւ եղել են ավերիչ, բայց ոչ երբեք՝ տեւական ժամանակով քայքայիչ, քոչվորների մշակույթն իսկ ստեղծվել է ոչ թե թուրքալեզուների, այլ արիացի իրանալեզու ժողովուրդների կողմից եւ կարեւոր դեր է կատարել մարդկության ընդհանուր զարգացման մեջ (օրինակ՝ հեծելազորի ստեղծումը, հեռավոր աշխարհագրական միավորների միջեւ կապը, ասպետական կոդեքսի որոշ տարրեր եւ այլն), եւ վերջապես քոչվորների մշակույթը նվազագույն առնչություն ունի այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնք թե՛ գենետիկորեն, թե՛ մշակութապես, թե՛ քաղաքականապես առաջին հերթին ժառանգն են տեղական ժողովուրդների եւ հետո միայն՝ փոքրաթիվ քոչվորների: Հատկապես քաղաքական ժառանգության իմաստով՝ Օսմանյան կայսրությունը ժառանգն է բյուզանդական, արաբական եւ պարսկական ավանդույթների, այլ ոչ թե լրիվ այլ քաղաքական հիմքերով կառուցվող բուն քոչվորական պետությունների:
Ոչ թե քաղաքակրթական, այլ քաղաքական հակադրություն
Եվ հենց այստեղ է պատմական հին խարդախության արմատը: Հայկական պետականությունը, հայկական հասարակական կառուցվածքն արմատախիլ է արվել ոչ թե թուրքերի, այլ նախեւառաջ քաղաքակիրթ բյուզանդացիների կողմից, որոնք բառացիորեն տեղահանեցին հայկական ազնվականությանը՝ հայկական պետության հենքը երկրից (հասարակական կառուցվածքն ավելի խորքային երեւույթ է, քան բուն պետականությունը. պետությունը կարող է կորցնել իր իրավական անկախությունը, բայց եւ արագ վերականգնվել, եթե պահպանվում է տվյալ ժողովրդի հասարակական կառուցվածքը): Բյուզանդական ազդեցությունը դրական, որոշիչ պտուղներ է տվել մեր մշակույթի համար, բայց կործանիչ է եղել քաղաքականապես: Սակայն, արդեն մեր հին պատմիչները քրիստոնյա բյուզանդացիների մեղքը կամա թե ակամա գցել են վայրի քոչվորների վրա, իսկ արդի հայ պատմական եւ քաղաքական միտքն, ի զորու չլինելով վերլուծել իրերի խորքը, տուրք է տվել մակերեսային դատողությունների: Վերջապես կայսերական քարոզչությունն, իր շահերից ելնելով՝ ամրապնդել է այդ վերագրումը որպես անառարկելի պատմական ճշմարտություն:
Իրականում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունները որեւէ կապ չունեն դարերի այդ խորքի հետ եւ նոր ժամանակների հետեւանք են՝ հետեւանք տարածաշրջանում մեծ տերությունների մրցակցության: Դա չի նշանակում բնավ, թե արդարացրինք «անմեղ» թուրքերին, եւ որ հայերի ու թուրքերի միջեւ հարցեր չկան: Ինչպես ասացինք, դա մեկ այլ՝ հավետ թշնամանքին հակադիր հայելային առասպելաբանություն է: Խնդիրներ կան, բայց դրանք ոչ թե միֆական են՝ «քաղաքակրթական» կամ «մշակութային», այլ բանական՝ քաղաքական, հետեւաբար եւ՝ լուծելի: Դրանք ոչ թե խնդիրներ են երկու տարբեր մշակույթների, երկու տարբեր էթնիկ խմբերի, երկու ցեղերի միջեւ, ինչպես փորձում են ներկայացնել թե՛ կայսերական քարոզչությունն ու «գիտությունը», թե՛ կեղծ ազգայնականությունը, այլ խնդիրներ են առաջացած կոնկրետ պատմական ժամանակահատվածում, կոնկրետ պատճառներով, այսինքն՝ ոչ թե հավետ են եւ գոյութենական, այլ ժամանակավոր եւ անցողիկ: Դրանք լուծելի են՝ եթե ոչ հենց ա՛յս պահին, ապա գոնե ավելի նպաստավոր պայմաններում, եւ ավելին՝ խնդիրները պետք է լուծվեն հանուն տեղական ժողովուրդների իրական անկախության եւ անվտանգության: Բայց դրանք կայուն լուծում չունեն կայսերական կաղապարի մեջ:
Կայսրությունները ստեղծում են թշնամանքի «նացիոնալիզմը», որպեսզի հետո պայքարեն դրա դեմ եւ պայքարելով հաստատեն իրենց ներկայության անհրաժեշտությունը. տեղացիները, իբր, հավերժ եւ էական թշնամանք ու ատելություն են տածում միմյանց նկատմամբ, դրա համար կայսրությունը ոչ թե իր շահերից բխած, այլ զուտ ընդհանուր խաղաղության եւ իրենց իսկ շահը չհասկացող բնիկների օգուտից ելնելով, պետք է ներկա լինի տարածաշրջանում: Սա է կայսերական կեղծիքը, որը հիրավի հավետ է եւ հիրավի բնորոշ է բոլոր մեծ տերություններին, եւ որը քարոզում են բոլորը՝ բացահայտ կայսերապաշտներից մինչեւ առաջադիմականի ու հակագաղութայինի փետուրներ հագած «խաղաղասիրությունը», «կոնֆլիկտաբանությունը» եւ այլ անպտուղ դոգմատիզմը:
Դեպի իրական խաղաղություն
Հասկանում եմ, որ այսքան կոշտ բնութագրումներից հետո շատերդ պիտի զարմանաք, որ պետք է նորից պնդեմ, որ այսքանով հանդերձ՝ խաղաղության հաստատման «կարգավորում» տարբերակն էլ կարող է որոշ դեպքերում լինել միակ ընդունելին եւ համեմատաբար բարիք բերողը, բայց այդպիսին է պատմության եւ քաղաքականության, ինչպես կասեին սովետական հեղինակները՝ «բարդ դիալեկտիկան»: Հարցն այն չէ, թե դրսից եկած խաղաղության առաջարկները պետք է մերժվեն, հարցն այն է, որ մերժելով կամ համաձայնելով՝ միշտ պետք է հասկանալ դրանց էությունը, չխաբվել՝ մտածելով, որ դրանք իրական եւ մշտական լուծում են բերելու, եւ չխառնել դա ժողովուրդների միջեւ հաստատվելիք իրական խաղաղության հետ: Ցանկացած կայսերական, դրսից եկած կարգավորում այլ բան չի բերելու, քան թեկուզ որոշ դեպքերում տեւական, բայց ժամանակավոր խաղաղություն: Պատերազմը պայթելու է նորից այն պահին, երբ խաղաղություն պարտադրած ուժը թուլանալու է: Բայց, եթե ուզում ենք իրական խաղաղություն, պետք է սկզբում գոնե տեսության մեջ գտնենք այնպիսի ճանապարհ, որը դա հիմնավորելու է ներսից, այլ ոչ թե դրսից:
Շարունակելի
‘