‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կռի՞վ, թե՞ պատերազմ’

3294

Մտանք 2015 թիվ և կարող ենք արձանագրել, որ արդեն 8-րդ անընդմեջ տարին է, ինչ Հայաստանի հասարակությունը կամ գոնե դրա ակտիվ հատվածը շարունակում է քաղաքական պայքարը՝ հանուն երկրի իրական, ներքին անկախության: Իհարկե, այդ պայքարն ունեցել է իր վերելքներն ու անկումները, ծավալման և նահանջի պահերը, աշխուժացումներն ու դադարները, բայց կարող ենք վստահորեն մի բան արձանագրել՝ որ 2007 թվականի վերջից սկսված խաղը դեռ իր ավարտին չի հասել, և նման երկարատև քաղաքական պայքարը եզակի է գոնե հետսովետական տարածքի համար: Քանի խաղն ավարտված չէ, իրավունք չունենք խոսել վերջնական արդյունքի մասին և վերջնական գնահատական տալ: Բայց կարող ենք ասել, որ փաստացի պարտվեցին բոլոր նրանք, ովքեր, այս կամ այն պահին խաղն ավարտված կամ պարտված համարելով, դուրս եկան դրանից և փորձեցին առանձին խաղ սկսել. այդ սխալ հաշվարկը կատարծներից գրեթե բոլորն էլ հայտնագործեցին, որ իրենք իրականում ոչ թե խաղից դուրս եկան, այլ նույն խաղում մնալով՝ պարզապես թիմն ու ճամբարը փոխեցին՝ կամա թե ակամա հայտնվելով հակառակորդ թիմում:

Չնայած ոգևորման և հիասթափության ալիքներին՝ մեր հասարակությունն առայժմ ի ցույց է դնում իր դիմադրողական մեծ ներուժը և միջանկյալ որոշ արդյունքների, այնուամենայնիվ, հասել է: Բայց ոչ այնքան արդյունքների մասին կուզենայի խոսել, որքան, օգտվելով այն առիթից, որ քաղաքական տարին դեռ նոր է թափ առնում, և գերակտուալ թեմաներ չկան, կցանկանայի թեթև ակնարկ անել 7-ամյա պայքարի մարտավարական կամ, գուցե ասեմ՝ մարտավարական-հոգեբանական առանձնահատկության մասին, որը կարևոր է արձանագրել՝ որպես քաղաքական փորձի իմաստավորում:

Ես այս թեման կկոչեի կռի՞վ, թե՞ պատերազմ: Նախնական մի երկու ճշտում անեմ: Քանի որ խոսքը ներքաղաքական պայքարի մասին է, այնքան էլ հարմար չի թվում ռազմական այս եզրաբանության կիրառումը, բայց տվյալ դեպքում ոչ թե բառացի պետք է հասկանանք, այլ, ինչ-որ տեղ՝ փոխաբերական իմաստով: Իր կառուցվածքով և օրինաչափություններով քաղաքական պայքարը շատ չի տարբերվում ռազմական ոլորտից, միայն թե, բացառությամբ բացահայտ քաղաքացիական բախման և պատերազմի, սովորական դեպքերում սահմանափակված է խաղի ավելի խիստ կանոններով, քան պետությունների միջև բախումները, քանի որ քաղաքական պայքարում գոնե կողմերից առավել գիտակիցը պետք է հաշվի առնի նաև պետության, հասարակության ընդհանուր շահերը, որոնք իրավունք չունի զոհաբերել հանուն իր մասնավոր շահի: Ռազմական պայքարում տիրապետող է բացարձակի ձգտող թշնամությունը, իսկ քաղաքական պայքարում մրցակցության և հակադրության ավելի փափուկ, ավելի մեղմ ձևերի մասին է խոսքը, բայց խնդրի էությունը դրանից շատ չի փոխվում:

Կռիվ և պատերազմ բառերն իրարից տարբերվում են բառարանային իմաստով՝ կռիվն ընդգրկում է նաև պատերազմը, բայց, ընդհանուր առմամբ՝ ավելի լայն իմաստային դաշտ ունի՝ հարևանների կռվից մինչև պետությունների կռիվ: Բայց տվյալ դեպքում մեզ բառարանային իմաստը չի հետաքրքիր:

Կռվի և պատերազմի հակադրությունը

Կռիվը և պատերազմը կարելի է հակադրել իրար՝ որպես կարճատև պոռթկում և տևական պայքար՝ դրանից բխող անհրաժեշտ առանձնահատկություններով:

Կռվում՝ կարճատև պայքարում, կարելի է որոշ դեպքերում հաջողության հասնել ուժերի և կամքի միանգամյա լարմամբ, կենտրոնացմամբ. թեև այդ դեպքում էլ կարևոր է ոչ միայն հուզական լարումը: Պատերազմը երկար հեռավորության վազք է, որի ընթացքում արդեն կարևոր է ոչ այնքան միանգամյա ուժեղ պոռթկումը, որքան ուժերի ճիշտ հաշվարկը, հույզերի և կամքի կառավարումը: Հնարավոր չէ երկարատև վազքի ողջ ընթացքում նույն լարումն ու նույն տեմպը պահել, հետևաբար՝ պետք է հաշվարկել այնպես, որ ճիշտ պահին անհրաժեշտ ներուժն առկա լինի:

Կռիվը ենթակա է ոգևորություն-հիասթափություն բնական շրջադարձին: Եթե հնարավոր չեղավ արագ հաջողության հասնել, ապա ուժեղ ոգևորությունը փոխհատուցման օրենքով փոխարինվում է նույն ուժի հիասթափությամբ, ներուժի անկմամբ, ինչպես արբենալուն անհրաժեշտորեն հետևում է խումհարը: Պատերազմի դեպքում ավելորդ ոգևորությունը նույնիսկ խանգարում է՝ ավելի կարևոր է դառնում հոգեբանական հավասարակշռությունը, չափը՝ հավասարապես հեռու թե՛ գերոգևորումից, թե՛ գերհիասթափությունից:

Կռիվը նման է տոնի՝ առօրյա վարքի, մտածողության օրենքները մի պահ դադարում են գործել, և դա հավելյալ, բայց կարճաժամկետ ներուժի անսպառ աղբյուր է դառնում: Պատերազմը կռիվը վերածում է ամենօրյա, ծրագրավորված, մտածված աշխատանքի, և աշխատողի որակներն ավելի կարևոր են դառնում, քան խենթ հերոսի: Իհարկե, կռիվը պատերազմի մասն է, դրա գագաթնակետը, բայց գագաթին հասնելու ու այդ պահի ոգեշնչումը վերապրելու համար պետք է ամենևին էլ ոչ տոնական՝ սթափ և տքնաջան, հաճախ՝ սև, գորշ աշխատանք:

Կռվի դեպքում այդքան կարևոր չէ ժամանակի կառավարումը՝ այն տեղի է ունենում, այսպես ասած՝ մի շնչով, մեկ գործողությամբ: Պատերազմի՝ որպես երկարատև վազքի դեպքում ժամանակի կառավարումն առաջնային է դառնում՝ ժամանակի կազմակերպումը, տարբեր փուլերի համար տարբեր տեմպերի ընտրությունը, դադարների և ակտիվացումների կշռույթը՝ ռիթմը, ճիշտ պահին սպասելու, համբերելու, և ճիշտ պահին արագանալու, «կրակելու» կարողությունն ու հաշվարկը:

Կռվում կարող է հաջողության հասնել հույզերից չառանձնացած, «տաք» կամքը, իսկ պատերազմում հաղթելու համար պարտադիր է բանականության հետ նույնացման աստիճան «համագործակցող» սառը կամքը:

Որքան կարճաժամկետ է կռվի ընթացքը, նույնքան կարճաժամկետ կարող են լինել նաև դրա արդյունքները՝ նույնիսկ հաջողման դեպքում: Պատերազմական հաղթանակը դժվարությամբ և ջանքերով է տրվում, բայց հաճախ՝ նույնքան էլ երկարատև կայուն կարող է լինել:

Երկուսի դեպքում էլ կարևորվում է հոգեբանությունը, բայց առաջինի՝ կռվի դեպքում շեշտվում է հոգեբանության մակերեսը, իսկ երկրորդի՝ պատերազմի դեպքում՝ խորքը: Այստեղ կարևորվում է հոգեբանության կայունությունը, իրական ամուր հիմքը, իսկ դա ավելին է, քան պարզապես ամուր կամք կամ էլ պայքարելու ջիղ ունենալը, սեղմ ասած՝ ավելին է, քան սովորական իմաստով հոգեբանություն, որովհետև այստեղ հոգեբանական գործոններ են դառնում նաև բանականությունն ու բարոյականությունը: Բարոյականությունն էլ այստեղ պետք է մի փոքր ավելի լայն հասկանանք, քան կենցաղային իմաստն է: Լայն իմաստով՝ բարոյականության մեջ մտնում են ներքին անկախությունը, ինքնատիրապետումը, ինքնիշխանությունը, ինչը նշանակում է, որ մարդն ինքն իր ներսում է գտնում պայքարի հիմքը և բավականաչափ անկախ է արտաքին մթնոլորտի, մոդայի, միտումների, կարճ ասած՝ քամիների տատանումներից: Մյուս կարևոր բարոյական հատկանիշը, սերտորեն կապված հոգեբանական կայունության հետ՝ հավատարմությունն է՝ սկզբունքներին, թիմին, անհատներին (իհարկե, այս ամենը՝ ոչ թե կուրորեն, այլ ողջամտության սահմաններում): Փորձը ցույց է տալիս, որ անհավատարմությունը՝ դավաճանությունը, ոչ միայն անբարոյական է, այլև, վերջին հաշվով, ոչ պրակտիկ, քաղաքական արդյունքի չբերող ու, նախևառաջ՝ հենց դավաճանին խփող: Կռվին շատերը կարող են դիմանալ՝ անկախ հոգեբանական և բարոյական կայունությունից, իսկ պատերազմը փորձում է մարդու խորքային էությունը, և կռվի հերոսը հեշտությամբ դառնում է պատերազմի դավաճան, եթե նրա հոգեբանությունը բավականաչափ կայուն չէ: Կռվի և պատերազմի հերոսների պանթեոնները տարբերվում են՝ կռիվն ունի ի՛ր, իսկ պատերազմն՝ ի՛ր հերոսներին:

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս. «Իմ և Մոուրինյոյի հարաբերությունները կարելի է բնութագրել որպես սեր և ատելություն»’
Հաջորդ հոդվածը‘Նեյմար. «Մենք պետք է լավ խաղանք նաև «Ատլետիկոյի» հետ կիրակի կայանալիք հանդիպմանը»’