‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայկական ազգայնականությունը — 2’

2962

Նախորդիվ տեսանք, որ սովետական կայսրությունը բարդ հարաբերությունների մեջ մտավ հայկական հայրենասիրության հետ, իհարկե՝ այս հարցում մեծապես ժառանգելով ցարական Ռուսաստանի քաղաքականությունը: Այս փոխհարաբերության դրամայում կարող ենք պայմանականորեն առանձնացնել երեք գործող անձ:

Առաջինը հայ հասարակությունն է, որն, ինչպես տեսանք, հակառակ  բոլշեւիկյան կատաղի քարոզչության՝ մնում է գերազանցապես ազգայնական իր աշխարհայացքով: Պետք է մտովի վերհիշենք, ավելի ստույգ՝ վերապրենք սովետական քարոզչությունն իր ողջ ագրեսիայով, պաթոսով եւ մենաշնորհային դիրքով՝ հասկանալու համար, թե որքան մեծ արժեք ունի այն փաստը, որ հակառակ դրա, պարզ բառով ասենք՝ լաչառության, հայ հասարակության աշխարհընկալման հիմքը, մեծ հաշվով, չի փոխվում: Բացի գաղափարական կոմունիստների նեղ շերտից, հայերը սովետական ողջ շրջանի ընթացքում մնացին ա՛յն, ինչ է՛ին մինչեւ այդ՝ «նացիոնալիստներ»: Տվյալ դեպքում կարեւոր չէ այդ ազգայնականության որակը, թող որ՝ հաճախ միամիտ կամ մակերեսային, այստեղ կարեւորն ընդհանուր միտումն է:

Մյուս գործող անձը տեղական հայկական սովետական ղեկավարությունն էր: Հայ բոլշեւիկների առաջին՝ գաղափարական սերունդն իրոք իր համոզումներով հակաազգայնական էր եւ հակաազգայնական իր պայքարը մղում էր դեռեւս սովետական իշխանությունից շատ առաջ: Բայց դա չի նշանակում, որ գալով իշխանության եւ տանելով սուր հակաազգայնական քարոզչություն՝ նրանք ստիպված չէին միաժամանակ հաշվի նստելու, նույնիսկ որոշ դեպքերում՝ սիրաշահելու ազգային զգացումները: Դա ուներ մի քանի պատճառ: Մարդկային՝ նրանք հայ մարդիկ էին, եւ հակաազգայնական՝ չի նշանակում չսիրել սեփական երկիրը: Մարդկայինից ավելի կարեւոր՝ առարկայական քաղաքական պահանջը. ղեկավարելով երկիրը, լինելով թեկուզ միայն անվանապես անկախ Հայաստանի իշխանություն՝ հնարավոր չէ սեփական կամքից անկա՛խ իսկ աստիճանաբար չմիտվել դեպի որոշ չափի ազգայնականություն: Վերջապես ամենակարեւորը՝ կայսերական քաղաքական շահերը: Որքան էլ հայ, որքան էլ Հայաստանի ղեկավար, սակայն, պետք է, այդուհանդերձ, հստակ հասկանալ, որ հայկական բոլշեւիզմը երբեք չդարձավ բուն հայկական քաղաքական շարժում, այլ միշտ էլ մնաց համասովետական քաղաքական շահի տեղական սպասարկու՝ հայկականությունը դրսեւորելով միայն այն սահմաններում, որոնք չէին խախտում կայսերական ընդհանուր շահը: Այդու, ինչպես նախորդ նյութի մեջ էլ օրինակներով տեսանք, հայ բոլշեւիկները հենց առաջին իսկ օրվանից սիրաշահել են հայկական հայրենասիրությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է եղել «Կենտրոնի» շահերին:

Ինչ վերաբերում է հայ կոմունիստերի հաջորդ սերունդներին, ապա ընդհանուր սխեման նույնն է մնում, թեկուզ՝ կարեւոր երանգներով: Այստեղ արդեն հարցը ոչ այնքան համոզմունքներն էին, որքան հնարավորի սահմանները: Սովետական Հայաստանի երկրորդ շրջանի ղեկավարներին պետք է ընդունել ոչ թե որպես գաղափարական բոլշեւիկներ, այլ որպես հայ մարդկանց, որոնք փորձում էին Հայաստանի շահերն առաջ տանել առկա հնարավորությունների դաշտում:

Վերջապես՝ երրորդ գործող անձը կենտրոնական սովետական իշխանությունն է: Եթե, ինչպես տեսանք, փորձ է եղել հայկական հայրենասիրությունը, հանուն կայսերական շահի, որոշ դեպքերում շահարկել սովետական իշխանության հաստատման հենց սկզբից, ապա ավելի համակարգված բնույթ դա ստանում է Ստալինի կառավարման երկրորդ շրջանից՝ 1937-39 թթ.-ից հետո: Դա սովետական  քաղաքականության մի ընդհանուր շրջադարձի փուլ էր, երբ հին բոլշեւիկյան վենախավի ոչնչացմանը զուգահեռ՝ Ստալինը զգուշորեն, բայց հետեւողականորեն վերակագնում էր նախահեղափոխական Ռուսաստանի կայսերական գաղափարաբանության կարեւոր տարրերը: Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ԽՍՀՄ ներգրավումն է՛լ ավելի կարեւոր եւ շեշտված դարձրեց այդ գործթընացը: Ռուսական ազգայնականության պաշտոնական վերականգնմանը զուգահեռ՝ որոշ «քվոտա» էր հասնում նաեւ տեղական հայրենասիրություններին: Օրինակ՝ Հայաստանում այս շրջանում նորից արտոնված դարձավ պատմական վեպը («Վարդանանք», «Պապ թագավոր»), մի փոքր ազատություն տրվեց Հայ եկեղեցուն եւ այլն: Ուշագրավ է, որ 1937-39 թթ. համոզմունքով կոմունիստ եղած (գոնե՝ ինչ-որ շրջանում) գիտնականներն ու գրողները գրեթե բոլորը հալածվեցին, իսկ երբեք ակտիվ կումունիստ չեղածները՝ Դեմիրճյան, Ս. Զորյան, Ա. Իսահակյան, Հ. Մանանդյան, Հ. Աճառյան, հիմնականում վերապրեցին ստալինյան բռնաճնշումների շրջանը:

Հետպատերազմյան առաջին տարիները Ստալինի եւ հայկական հայրենասիրության յուրահատուկ սիրավեպի գագաթն էին՝ Հայկական հարցի վերարծարծում (հայկական հույսերի հերթական «փայլուն» տապալմամբ), ներգաղթ (հետագա աքսորով), ակտիվ աշխատանք Հայ եկեղեցու հետ, հայկական հողերի վերադարձի կիսապաշտոնական խոստումներ եւ այլն: Մանրամասների մեջ չխորանանք: Տվյալ դեպքում արձանագրենք միայն, որ այս կամ այն վայրիվերումներով այս նոր համակարգը շարունակվեց նաեւ ՍՍՀՄ գոյության հաջորդ տարիներին: Հայկական հողերի հարց, իհարկե, այլեւս երբեք չբարձրացվեց, բայց ընդհանուր տրամաբանությունը մնաց նույնը:

 

Այժմ պետք է հասկանանք, թե ինչպիսի՛ սահմաններով հայկական հայրենասիրություն էր պետք Սովետական կայսրությանը: Բնական է, որ դրա ընդհանուր տրամաբանությունը պետք է լիներ, մի կողմից՝ ծառայել կայսերական շահերին, մյուս կողմից՝ բացառել քաղաքական անկախության նպատակը: Այս խնդիրը լուծել ե՛ւ հեշտ էր, ե՛ւ բարդ:

Որո՞նք էին հայկական հայրենասիրությունը սանձելու հիմնական միջոցները: «Արտոնյալ» եւ թույլատրելի հայկական հայրենասիրության մեջ կարեւոր էին հետեւյալ տարրերը:

ա. Հայկականություն՝ որպես հավերժ կռիվ թուրքերի դեմ, որի հիմքերը ոչ միայն զուտ քաղաքական, այլեւ՝ մշակութաբանական եւ գրեթե գոյաբանական են

բ. Ռուսաստանը՝ ցարական թե սովետական, որպես հայ ազգի փրկիչ, եւ բոլոր աչքի ընկող, «լավ» հայ գործիչները՝ որպես մոլի ռուսամետներ

գ. Հայոց պատմությունը՝ մշտական ողբերգություն, աղետ, ձախողում, գրեթե՝ երեքհազարամյա ցեղասպանություն եւ օտար նվաճումների եւ տիրապետումների շղթա

դ. Հայերը՝ քաղաքական բնազդից զուրկ, հայոց պատմությունը՝ ապաքաղաքականացված

ե. Հայկական բոլոր շարժումները՝ կազմակերպվածությունից զուրկ, տարերային, ինքնաբուխ, «ժողովրդական»

զ. Ազգայինի նույնացումը ազգագրականի, բանահյուսականի, լավագույն դեպքում՝ պատմական անցյալի հետ, ազգային զուտ պահպանողական ծրագիր:

Այս բոլոր կետերն ուղված են վնասազերծելու հայկական հայրենասիրությունը, վերածելու այն ապաքաղաքական ազգասիրության: Այդպիսի վնասազերված սահմաններով հայկականությունը հարկ եղած դեպքում արդեն կարող էր ծառայել որպես գործիք կայսրության քաղաքականությանը կամ էլ պարզապես իր անշառ գոյությունը քարշ տալ:

Իհարկե, հեռու եմ պնդելուց, որ այս բոլոր տարրերը ՍՍՀՄ-ում են ստեղծվել: Դրանք այս կամ այն ձեւով գոյություն են ունեցել ՍՍՀՄ-ից անկախ եւ առաջ, բայց սովետահայ «արտոնյալ» հայրենասիրության մեջ դրանք հասան կատարելության, ամբողջացան եւ մեկը մյուսի հետ կապվեցին որպես միասնական եւ գրեթե անայլընտրանք համակարգ՝ այն աստիճան, որ հայկական ազգայնականությունն ու այս համակարգը նույնացան:

Հաջորդիվ, ուրեմն, պետք է մի փոքր ավելի մանրամասն դիտարկենք այս համակարգը, որը չնայած հզոր հարված ստացավ 1988-ից սկսած, սակայն, ցայսօր էլ ակնհայտորեն պահպանում է իր դիրքերը եւ նույնիսկ վերածնունդ է ապրել:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիան փախստականներին ետ է ուղարկում Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» վիպակների ժողովածուն’