‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սերժ Սարգսյանի միջգալակտիկական թռիչքները’

5328

Տիեզերքը, որի մասն են մեր Երկրագունդն ու Արեգնակային համակարգը, միջինում բավականին տխուր եւ անհետաքրքիր տեղ է: Իր անպատկերացնելի մեծ տարածության մեծ մասում նա գրեթե, բառիս բուն իմաստով, դատարկ է: Տիեզերական մեծ դատարկության այս կամ այն անկյուններում որբուկների պես խմբվում են իրար շուրջ (միմյանց ձգողականության ուժի ազդեցությամբ)՝ յուրաքանչյուրը միջինում 100-ավոր միլիարդներ աստղերից բաղկացած գալակտիկաները: Գալակտիկաների խմբերի արանքներում մեծ տիեզերական դատարկությունն է՝ միջգալակտիկական տարածություն, ուր նյութի միջին խտությունը մոտ է վակուումի՝ միջինում 30-31 կգ. մ3 վրա: Նման խտության մեջ մեկ խորանարդ մետրում «լողում է» մոտ 10 ատոմ (հիմնականում՝ ջրածնի):

10 ատոմ ասելիք՝ տեքստի տասը խորանարդ մետրի վրա

Ինձ մեկ-մեկ թվում է, որ Սերժ Սարգսյանի ելույթներ գրողներն ինչ-որ գաղտնի կապի մեջ են տիեզերական այդ դատարկության հետ՝ այնքան փոքր է կոնկրետության խտությունը նրանց գրած տեքստերում: Առավելագույնը մեկ-երկու էջի մեջ տեղավորվողը նրանք հաջողացնում են լղոզել մոտ 20 էջի վրա: Սարգսյանի վերջին՝ փետրվարի 11-ի ելույթն այդ միտման գագաթներից կարելի է համարել: Հասնելով այդ ծրագրային համարվող ելույթի կեսերին իսկ՝ դեռ հնարավոր չէ կռահել դրա հիմնական միտքը: Փոխարենն ունենք ճարտասանական անճաշակ կրկնությունների կույտ (ասենք՝ «Նորից հարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք տնօրինելու մեր պետության, մեր ժողովրդի ժառանգությունը: Ինչպե՞ս ենք պահպանելու ու բազմապատկելու այն: Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը վաղը, տասը կամ քսան տարի հետո: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տեղն ու դերը աշխարհում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը մեր զավակների, սերունդների համար:» Է՛ հետո՞, ընկեր, նույն միտքը կրկնելու է՞լ քանի ձեւ գիտեք), ընդհանուր ճշմարտությունների եւ անորոշ ձեւակերպումների տաղտկալի վերարծարծում («Հայաստանը պետք է լինի ուժեղ» եւ «տարածաշրջանում բարդ իրավիճակ է» տիպի. մինչդեռ քաղաքական գործչի խոսքից պետք է իմանանք ոչ թե այդ ընդհանուր եւ անորոշ ձեւակերպումները, այլ կոնկրետ իրավիճակին համապատասխան ինչպե՛ս-ները եւ ինչպիսի՛-ները): Մի խոսքով, դպրոցական վատ շարադրության կոնկուրսը շարունակվում է՝ 10 ատոմ ասելիք՝ 1 խորանարդ մետր տեքստի մեջ: Այնուամենայնիվ, նույնիսկ տիեզերական դատարկության մեջ կա, ինչպես տեսանք, որոշ քանակի նյութ, եւ պետք է փորձենք որսալ դա:

Կայունության եւ անկայունության արանքում

ՀՀԿ առաջնորդի վերջին ելույթի առանցքը ես կկոչեի՝ պատում կայունության եւ անկայունության մասին, եւ այդ առանցքի շուրջ կփորձեի կառուցել տեքստի «վերծանումը»: Իրոք, իր խոսքում Սարգսյանը տարբեր առիթներով անընդհատ օգտագործում է «կայունություն, կայուն, համաձայնություն, կոնսենսուս, համագործակցություն» եզրերը, կարծես ինչ-որ խնդիր տեսնելով դրանց հետ կապված, մյուս կողմից էլ հենց ինքը հաղորդում է անկայունության զգալի տարրեր իր որոշ ուղերձներով՝ ուղղված առաջին հերթին իշխող ուժին: Գնահատականս առաջին հայացքից վերացական եւ նույնիսկ բռնազբոսիկ կարող է թվալ, բաց փորձենք բացել սա քայլ առ քայլ: Դրա համար շարենք Սերժի ուղերձները ոչ թե այն հերթականությամբ, որով դրանք արտասանվել են, այլ ըստ այն տրամաբանության, որով մեկը մյուսից բխում են եւ միմյանց հետ կապվում:

Առաջին կարեւոր ուղերձը՝ «Ուզում եմ շեշտել նաև, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ… Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում»: Սա, ընդհանուր առմամբ, կայունության անհրաժեշտությունն անընդհատ շեշտող ելույթի անորոշություն, անկայունություն մտցնող առավել կարեւոր հատվածն է: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է. իրոք, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը երաշխավորված լինի, որ ընտրություններում հաղթելու է: Բայց պարզ է, որ մեր իրականության մեջ գոնե իշխող ուժը նման երաշխիքներ ունենալու իրավունք վերապահում է իրեն: Իսկ տվյալ ուղերձը նախ եւ առաջ իշխող ուժին է ուղղված, ա՛յն ուժին, որի առաջնորդն է ինքը՝ Սարգսյանը: Ինչո՞ւ այդ ուժի ներկայացուցիչները պետք է հենց այսօրվանից ընտրարշավով չզբաղվեն, չէ՞ որ պարզ է, որ քաղաքական դաշտն, այդ թվում՝ հենց ՀՀԿ առաջնորդը, արդեն այսօր ուղղված է 2017-ի ընտրություններին: Ի՞նչ խնդիր կարող է ունենալ այստեղ Սերժ Սարգսյանը, մանավանդ որ նույն ելույթում երկու անգամ հատուկ շեշտում է կայուն մեծամասնություն ունենալու անհրաժեշտությունն ապագա խորհրդարանում: Բա էլ ո՞վ պետք է լինի այդ կայուն մեծամասնությունը, եթե ոչ՝ իշխող ուժը: Իսկ եթե պետք է լինի, ապա ինչո՞ւ է նա հետ պահում իր կուսակիցներին այսօրվանից իսկ ընտրարշավով զբաղվելու «գայթակղությունից». չէ՞ որ կայուն մեծամասնությունը հեշտ լուծելիք խնդիր չէ նույնիսկ Հայաստանի իշխող ուժի համար, եւ ակնհայտ է, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ այսօրվանից: Ինչո՞ւ է կայուն մեծամասնությունը որպես գերնպատակ ընկալող Սարգսյանը շեշտում արդյունքի «աներաշխիք» լինելը՝ ակնհայտորեն նկատի ունենալով, նախ, հենց իշխող ուժին: Այստեղ արդեն բավականին լավ երեւում է կայունության կոչերի եւ անկայունության, անորոշության ուղերձների այն հակասությունը, որը նշեցինք քիչ վերեւում՝ որպես Սարգսյանի ելույթի հիմնական առանցք:

Սարգսյանի հավատաքննությունը

Սերժի ուղերձն իրականում այնքան էլ անորոշ չէ: Պարզվում է, որ իշխող վերնախավի մեջ կան «վատ մարդիկ»՝ անուններ չեն տրվում, եւ քանակն էլ մնում է չճշտված, բայց գործողությունների նկարագրությունը հստակ է: Այդ «վատերը» թերահավատ են (ինչի՞ նկատմամբ), զբաղվում են կայքերում իրենց դեմ եղած հրապարակումներին պատասխանելով, նրանք պատերի տակ բամբասում են սրանից-նրանից (ումի՞ց) եւ վերջապես՝ «մեղքը բարդում են վերադասի վրա», ընդհուպ մինչեւ «ամենավերին օղակ»: Հենց սրանց պատասխանելով է Սերժը շեշտում, որ «վերին օղակում» «պատասխանատվությունից խուսափող չկա», իսկ մամուլում եղած քննադատությունն անխուսափելի է: Փորձենք հասկանալ, թե այս խճճված եւ մութ ակնարկներում ի՞նչ է թաքնված:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Սերժը խոսում է ինչ-որ անորոշ եւ ընդհանուր միջին «չինովնիկների» մասին, որոնք շառ են անում իրենց վերադասներին: Բայց ակնհայտ է, որ Սարգսյանի դարդը «շարքային» վերադասները չեն. նրա խոսքի մեխը «ամենավերին օղակի» վրա գցողներն են, իսկ այդպիսիք կարող են լինել միայն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անմիջական վերադասը «վերին օղակն է»: Եվ ո՞վ է այդ «ամենավերին օղակը», եթե ոչ ինքը՝ Սերժ Սարգսյանը, չէ՞ որ խոսքը հենց «ամենավերին»-ի մասին է: ՀՀԿ առաջնորդի խոսքից այնպես է ստացվում, որ իշխանության ներսում յուրահատուկ սաբոտաժի մթնոլորտ է, պաշտոնյաները գործ չեն անում՝ մեղքը գցելով ամենավերինի վրա: Եվ ամենավերինն էլ ստիպված է նրանց հրապարակայնորեն պատասխանել՝ «վախեցող չկա»: Պետք է ենթադրել, որ հենց սաբոտաժ անողներն էլ այն «թերահավատներն են», որոնք «իշխանության մեջ տեղ չունեն»: Ինչի՞ նկատմամբ են թերահավատ նրանք: Հազիվ թե խոսքը Քրիստոսի երկրորդ գալստյան նկատմամբ թերահավատության մասին է՝ հավատի առիթը պետք է լինի քաղաքական: Իսկ քանի որ ենթադրյալ թերահավատները սլաքներն ուղղում են «ամենավերեւի» վրա, կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նրանք թերահավատ են հենց ամենավերեւի եւ նրա ծրագրերի առումով: Հիշենք նաեւ պատի տակ սրանից-նրանից բամբասողներին եւ հարցնենք, թե ումի՞ց են նրանք բամբասում ա՛յն աստիճան, որ ՀՀԿ առաջին դեմքի մակարդակով անհրաժեշտություն կա հրապարակային պատասխան տալու: Հազիվ թե դրա կարիքը լիներ, եթե բամբասողները բամբասեին իրենք իրենցից միայն. ավելի տրամաբանական է ենթադրել, որ նրանք բամբասում են նույն «ամենավերինից», որի վրա բարդում են մեղքերը եւ որի առումով էլ՝ ենթադրաբար, «թերահավատ են»:

Մեր այս ենթադրությունների հավաստիությունն ավելի է ամրապնդվում, եթե փորձենք վելուծել «կայքերի հրապարակումների» մասը: Մի բան է, երբ ընդհանուր վերացական ճշմարտություն ենք պնդում, թե պաշտոնյաները ենթակա են քննադատության «կայքերում», այլ բան է, երբ դա նյութականացնում ենք հայկական իրականության մեջ: Գաղտնիք չէ, որ մեզանում «կայքերի», ավելի լայն՝ ԶԼՄ-ների 90 տոկոսից ավելին այս կամ այն կերպ վերահսկվում է իշխանական կենտրոններից, եւ բոլոր թելերն ի վերջո գնում են դեպի Սերժ Սարգսյան: Մատների վրա կարելի է հաշվել քաղաքական թեմաներին անդրադարձող այն ԶԼՄ-ները, որոնք այդ համակարգից դուրս են, սրանց էլ գումարած այնպիսիները, որոնք, այսպես ասած, «փայ են»՝ հա՛մ «համակարգի» մաս են, համ էլ՝ այս կամ այն դրսի ուժի շահերը սպասարկող: Գաղտնիք չէ նաեւ, որ «համակարգային» ԶԼՄ-ների մեծ մասը հանդես է գալիս «ընդդիմադիր», «քննադատական» դիրքերից, ինչն ամենեւին էլ չի խանգարում նրանց՝ լինել Սերժի համակարգի մաս: Սա դավադրության տեսություն չէ, այլ հայաստանյան չոր իրականություն: Իսկ քննադատության հիմնական թիրախ են այդ ԶԼՄ-ներում հաճախ հենց իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչները: Օրինակ, տիպիկ սերժական ոճ է՝ կազմակերպել այս կամ այն մարդկանց միջոցով խոշոր ընտրակեղծիքներ, իսկ հետո «կայքերով» կազմակերպել ընտրակեղծիքների տեղական պատասխանատուների «փչացումը»: Կամ՝ համագործակցության բանակցություններ վարել այսինչ քաղաքական ուժի, դիցուք՝ Դաշնակցության հետ, եւ միաժամանակ զուգահեռ՝ բոլոր վերահսկելի ԶԼՄ-ներով կազմակերպել Դաշնակցության «գեշ փչացումը»: Ահա, ուրեմն, այս հարցն էլ հուզում է որոշ «թիրախների», բայց ՀՀԿ առաջնորդի շուրթերով նրանք խիստ նկատողության են արժանանում՝ «կայքերի» հետ գործ չունեք, «քննադատում են», լավ են անում:

Յուպիտերը եւ ցլերը

Պատկերն, ուրեմն, ավելի պարզ է դառնում: Համաձայն Սարգսյանի ելույթի՝ իշխող վերնախավի մեջ կան այնպիսիք, որոնք չափից ավելի ինքնուրույն են փորձում խաղալ՝ փաստացի սաբոտաժով են զբաղված, թիրախավորում են «ամենավերեւին», բամբասում են, փորձում են հակադարձել ԶԼՄ-ներով իրենց դեմ կազմակերպված «փչացմանը» եւ այլն: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչի՛ է ասվում, որ ժամանակից շուտ չպետք է զբաղվել ընտրարշավով, որովհետեւ պարզ է դառնում, որ տվյալ դեպքում խոսքը նախընտրական «ինքնավար» ինչ-որ գործունեության եւ խուլ, անդրկուլիսային դիմադրության մասին է:

Պետք է ենթադրել, որ «չերաշխավորության», անորոշության ուղերձի հետ է կապված նաեւ Սերժի խոսքի «համագործակցական» հատվածը, որում նա ասում է, թե իրենք, այսինքն՝ իշխող ուժը չպետք է պատկերացնի, որ միայն իրենք են երկրի մասին մտածողները, որ պետք է համագործակցել բոլոր մնացած ուժերի հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր քննադատում են իրենց: Պարզ է, որ այստեղ ՀՀԿ առաջնորդը մի փոքր կեղծում է՝ «բոլոր»-ի հետ չի պատրաստվում համագործակցել, ոչ էլ մի օրում դարձել է քննադատության սիրահար: Ամենայն հավանականությամբ, «համագործակցությունը», «կոնսենսուսը» եւ այլն՝ մասն են իշխող ուժի զսպման, հակակշիռներ ստեղծելու նրա մարտավարության երաշխիքներ չկան, եւ կախված իրավիճակից՝ կորոշվեն «կայուն մեծամասնության» քանակը, որակը եւ համաչափությունը քննադատական «փոքրամասնության» հետ:

Այլ կերպ ասած, ՀՀԿ առաջնորդն ուզում է ասել, որ ընտրարշավը, քաղաքական մեծ հարցերը միայն իրենն են, իսկ մյուսները պետք է «գործով» զբաղվեն, այսինքն՝ միայն կատարեն «ամենավերեւի» պատվերները՝ առանց «ինքնուրույն» խաղերի: Կայունությունն իրենն է, իսկ անկայունությունն ու անորոշությունը՝ մյուսներինը, նախեւառաջ՝ իշխող ուժինը:

Հետաքրքիր է, որ ՀՀԿ առաջնորդը հիշատակում է նաեւ ինչ-որ «հեղափոխականների». «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու»: Ովքե՞ր են սրանք: Հազիվ թե Սերժը նկատի ունի ընդդիմությանը, որին հիասթափեցելու խնդիր նա չպետք է ունենա, ոչ էլ առավել եւս՝ Ֆիդել Կաստրո Ռուսին կամ Հայ հեղափոխական դաշնակցությանը: Պետք է ենթադրել, ուրեմն, որ այստեղ նույնպես խոսքը իշխող խմբի մի ինչ-որ հատվածի մասին է, որն, ի տարբերություն Սերժի, «շտապում է», ամենայն հավանականությամբ՝ «թերահավատներից» եւ «բամբասողներից» ազատվելու հարցում: Սարգսյանը սրանց նույնպես «պրոֆիլակտիկորեն» տեղն է դնում: Հարցը նույնիսկ ոչ այնքան շտապել-չշտապելն է, որքան հավասարակշռությունը. խմբերից ոչ մեկը չպետք է երաշխավորված զգա իրեն, որպեսզի դրության տերը միշտ մնա միայն մեկը: Քանի որ Սերժի հիմնական թիրախը «հեղափոխականների» հակառակորդ «թերահավատներն էին», նա, համենայն դեպս, անհրաժեշտություն է զգում զսպել նաեւ «հեղափոխականների» ախորժակը՝ նրանց նույնպես մղելով անորոշության, անկայունության, հետեւաբար՝ կախվածության դաշտ: Սա, ի դեպ, տիպիկ ստալինյան, եւ ոչ միայն ստալինյան, ոճ է՝ խմբերից որեւէ մեկին վերջնական առավելություն չտալը. անսասան պետք է լինեն միայն մեկի դիրքերը:

Այս թռուցիկ վերլուծությունը ցույց է տալիս, ուրեմն, որ Սարգսյանի վերջին ելույթը, չնայած նրանում առկա միջգալակտիկական մեծ դատարկություններին, այդուհանդերձ պարունակում է նաեւ որոշ կարեւոր «ատոմներ», որոնք լիովին համահունչ են ՀՀԿ առաջնորդի մոտակա շրջանի ծրագրերին: Ճիշտ կլիներ, իհարկե, հենց այդ՝ ավելի լայն շրջարկում դիտարկել տվյալ հոդվածի դրույթները, բայց դա պետք է փորձենք անել մեկ ուրիշ անգամ:

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան 15 հազարանոց զորք է կենտրոնացրել Սիրիայի սահմանին. Ermenihaber.am’
Հաջորդ հոդվածը‘Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանումը’