‘
PanARMENIAN.Net -ի փոխանցմամբ, Հրաչյա Հարությունյանը գրավոր դիմել է քննիչներին` խնդրելով, որ իր շահերը ներկայացնեն այլ պաշտպաններ, նրանց թվում Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը, գրում է Московский комсомолец-ը:
Մինչ այս Հարությունյանի շահերը ներկայացնող դատապաշտպան Ալեքսանդր Մալցևը պարզաբանել է, որ հայ վարորդը նման որոշում, ամենայն հավանականությամբ, կայացրել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո:
Հարությունյանին պաշտպանելու Մալցևի նախապայմաններից մեկը եղել է Ռուսաստանի հայերի միության կողմից զոհերի հարազատներին 1-ական մլն ռուբլի, իսկ վիրավորներին՝ 500 հազարական ռուբլի վճարումը: «Ես արել եմ` ինչ կարող էի` փոխեցի հասարակական կարծիքը, որ դա սպանություն չի եղել, այլ անզգուշորեն կատարված հանցագործություն և այստեղ համալիր մեղքի մասին է խոսքը: Նոր փաստաբաններին հաջողություն եմ մաղթում, իսկ Հրաչյային հանգստություն և համբերություն, որովհետև սա միայն սկիզբն է»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Մալցևը:
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:
‘