‘Հրաչյա Հարությունյանի գործի նախաքննությունն ավարտվել է’

692

Այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել երթուղային ավտոբուսի հետ բախված բեռնատարի վարորդի` Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: 

Ըստ նրա, դեկտեմբերի 9-ից կողմերը ձեռնամուխ կլինեն գործի նյութերի ուսումնասիրությանը:
Հարությունյանը, ինչպես նախկինում, ճանաչում է վթարի պատճառ հադիսացած իր մեղքը, սակայն ժխտում է կեղծ թույլտվության օգտագործումը: Ըստ նրա, նա չի իմացել, որ փաստաթուղթը կեղծ է և ոչ ոք այն չի ստուգել:
Մեղադրյալի փաստաբանը միջնորդությամբ է հանդես եկել լրացուցիչ ավտոտեխփորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:
«Մասնավորապես, փորձագետները չեն պարզել ավտոմեքենայի արագությունը, վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունը կամ բացակայությունը»,-ասել է իրավաբանը:
Հուլիսի 13-ին Մոսկվայի երկրամասի Պոդոլսկի մերձակայքում շինանյութ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան բախվեց երթուղային ավտոբուսի հետ: Հարվածի հետևանքով 18 մարդ զոհվեց, 60-ը՝ վիրավորվեց: Բեռնատարի վարորդը Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանն է:

Նախորդ հոդվածը‘Կրթաթոշակային ծրագիր. Իսրայել’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Բուխգալտերի եւ Զանյերի հետ’