‘Հրաչյա Հարությունյանի դուստր. Հայրս հիմա ինչ-որ հոգեբուժարանում է գտնվում’

743

Ռուսաստանում սարսափելի ավտովթարի ենթարկված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությույանը այժմ գտնվում է ինչ-որ հոգեբուժարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ որեւէ նորություն չունեն, տեղյակ են, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Մոսկվա Հրաչյա Հարությունյանի գործով, սակայն ուրիշ տեղեկատվություն չունեն, սպասում են զանգի: «Հայրս հիմա ինչ-որ հոգեբուժարանում է գտնվում, այդպես եմ լսել, չեմ կարող ասել` ճիշտ է, թե ոչ: Գլխուղեղի հետ կապված ինչ-որ խնդիր կա ցնցման հետեւանքով, արմունկի կոտրվածք ունի»,- հայտնեց Լիլիթ Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ընտանիքի անդամները խոսել են փաստաբանի հետ, վերջինս ասել է, որ հայրը լավ է: Առայժմ, սակայն, ընտանիքին չի հաջողվել անձամբ խոսել Հրաչյա Հարությունյանի հետ:

Որոշվել է նաեւ, որ Հարությունյաններից որեւէ մեկը չմեկնի Մոսկվա, խնդիրը ոչ թե ֆինանսներն են, այլ պարզապես նպատակահարմար չէ, այնտեղ գտնվելով որեւէ ավել բան չեն կարող անել:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով:

Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:

  

Նախորդ հոդվածը‘Թիվ մեկ գծատիրոջ դեմ պայքարի մեթոդների մասին’
Հաջորդ հոդվածը‘«Քաղաքական-քաղաքացիական» պարզունակ հակադրումով հաջողվում է ռեժիմն անձեռնմխելի պահել’