‘Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հանդիպել է Օմբուդսմենին ‘

848

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո ՌԴ Քրեական օրենսգրքի  264 հոդվածի 4-րդ մասով մեղադրվող և այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը, այսօր Երևանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են Օմբուդսմենի գրասենյակից:

Հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում էին քրեական գործի մանրամասներին, հասկանալի պատճառներով չեն ներկայացվել  ԶԼՄ-ներին, իսկ ինչ վերաբերում է  կասկածյալի պահման և նրան դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման հանգամանքներին, փաստաբան Ռուբեն  Մարգարյանը հայտնեց բառացիորեն հետևյալը.  «Օրերս՝ հուլիսի 23-ին, ես հանձն եմ  առել այս գործը, իսկ  արդեն  հուլիսի 24-ին ես և իմ գործընկերները  քննիչից ստացել ենք  մեկուսարանում   մեղադրյալին այցելելու  թույլտվություն, և հուլիսի 25-ին ես անձամբ հանդիպել եմ Հրաչյա Հարությունյանին «Մատրոսկայա տիշինա»-ում:

Պահման  պայմանները լիովին բավարար են, նա դուրս է գալիս շոկից, բայց դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նոր Նախիջևանի և Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը թույլտվություն է խնդրել, որպեսզի եկեղեցու ներկայացուցիչները մուտք գործեն Հարությունյանի մոտ: Նման վիճակում հոգևոր աջակցությունը խիստ անհրաժեշտ է մարդուն, և մենք քայլեր ենք ձեռնարկում այդ հանդիպումը կազմակերպելու համար: 

Ինչ վերաբերում  կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման ենթարկելու հանգամանքին, որը բոլորի մոտ վրդովմունք առաջացրեց,  ապա ես վստահ եմ, որ պատկան մարմինները կտան իրենց  գնահատականը  այդ փաստին, և մարդու իրավունքների նման խախտումը անհետևանք չի մնա: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը արդեն իսկ համապատասխան դիմում է  ուղարկել,  իսկ ես իմ կողմից կարող եմ ասել, որ և՛ որպես Հրաչյա Հարությունյանի  փաստաբան-պաշտպան,  և՛ որպես ՌԴ արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը և  վերաբերվել դրան որպես քիչ կարևորություն ունեցող հանգամանքի, ավելին,  պատրաստվում եմ  այն հասցնել տրամաբանական ավարտի:

Ակնհայտ է, որ այս միջադեպը որևէ կապ չունի մեղադրյալի ազգային պատկանելիության հետ, սա պարզապես  ակնառու  օրինակ է մարդու հանդեպ «համակարգային անտարբերության», ով  քրեական դատավարության գործընթացում  հայտնվել է  կասկածյալ-մեղադրյալ կարգավիճակում:  Այստեղ դժվար է մատնանշել մեկ չինովնիկի, ով թույլ է տվել  իրավախախտում 
մի մարդու հանդեպ, ով տրավմայի և դեղորայքի  արդյունքում այդպես էլ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում:  Քննիչը,  «իբր»,  պարտավոր չէր  հետևել նրան, թե ինչ հագուստով մեղադրյալին կտանեն դատարան. նրա խնդիրն էր դատարան ներկայացնել կալանքի տակ վերցնելու մասին միջնորդություն, իսկ մացածը, «իբր», դուրս էր նրա պատասխանատվությունից:

Ուղեկցողները ևս «իբր» կապ չունեին. այդ պահին  ձերբակալվածի   համար պատասխանատու էիր ոչ թե  Պատժի կրման ֆեդերատիվ ծառայությունը,  այլ Ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք  պարզապես հսկում էին ձերբակալվածին  հիվանդանոցում: Բժիշկները, ովքեր կտրել էին հիվանդի հագուստը օգնություն ցուցաբերելու համար, «իբր» պարտավոր չէին  նրա համար այլ  հագուստ փնտրել, առավել ևս, որ հիվանդին հիվանդանոցից որևէ տեղ տանելը  նրանց նախաձեռնությունը չէր:  Իսկ դատավո՞րը… Ահա դատավորը, ի դեպ, հենց այն անձն է, ով պարտավոր է դատարանի դահլիճում հետևել  կարգուկանոնին, նա դատարանում գլխավորն է, և տարօրինակ է, որ նրա մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեղադրյալը, լինելով տղամարդ, կանացի հագուստով է: Գուցե և դատավորը մտածել է այդ հարցի շուրջ, սակայն ուշ է եղել, քանի որ դատարանի դահլիճ արդեն մուտք էին գործել լրատվամիջոցները, և կանացի հագուստով լուսանկարը, որը հետագայում դարձավ   համընդհանուր քննարկաման առարկա, արդեն արվել էր:  Ոչ ոք  «իբր»  մեղավոր չէ, բայց ստացվում է, որ բոլորը պարզապես անտարբեր էին: Այդ պատճառով էլ  դա կարելի է անվանել «համակարգային անտարբերություն», որը չի կարելի հաղթահարել միայն ուղեկցող ոստիկանին  նկատողություն տալով:  Կրկնվեմ՝  բոլոր դեպքերում այս հարցը մենք տրամաբանական ավարտին կհասցնենք»:

 

Բացի այդ, փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով հասարակական հիմունքներով ստանձնել է Նոր Նախիջևանի ու  Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի  կողմից վերջերս Մոսկվայում ստեղծված Անվճար իրավաբանական աջակցության կենտրոնի ղեկավարությունը, Պաշտպանին ներկայացրեց իրենց գործունեությունը՝ առաջկելով  քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնի  համագործակցության հնարավորությունները :

                                                                                                                                                                                                        

 

Նախորդ հոդվածը‘Այսօր Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Ֆեյսբուքյան հանրագրեր’