‘Հրաչյա Հարությունյանի փաստաբանը նախաքննության կարեւոր փուլում մեկնել է արձակուրդ’

1022

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, որին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը վարձել է բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի պաշտպանության համար, Մոսկվայից մեկ ամսով արձակուրդ է մեկնել, տեղեկացնում է REGNUM-ը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ Մարգարյանի գործը բարդացել է այն պատճառով, որ նա հայերենին չի տիրապետում, մյուս կողմից՝ Հրաչյա Հարությունյանը չի տիրապետում ռուսերենին: Այժմ Մարգարյանին փոխարինում  նրա օգնականը՝ փաստաբան Անիսկինը, որը, սակայն, առանց թարգմանչի օգնության նույնպես ունակ չէ հասկանալ մեղադրյալին: ՀՀ դեսպանությունը Ռուսաստանի հայերի միության միջնորդությամբ փաստաբանների եւ մեղադրյալի հետ հանդիպմանը թարգմանիչ է հրավիրել, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել բանտի տարածք՝ վկայակոչելով հատուկ թույլտվության բացակայությունը:  

Մինչդեռ, նույն աղբյուրի փոխանցմամբ, քննությունը գտնվում է գործի մի շարք կարեւոր հանգամանքների փորձաքննության փուլում, այդ թվում եւ այն հանգամանքի՝ թե ինչպես է ընդհանրապես հնարավոր եղել, որ Հարությունյանը հայտնվել է բեռնատարի ղեկին, որի տեխնիկական վիճակը առնվազն կասկած է հարուցում: Բացի դրանից, քանի որ վթարի պատճառներից մեկը եղել է մեքենայի գերբեռնվածությունը, առաջանում է այդ վիճակում տրանսպորտային միջոցի շահագործման թույլտվություն տված անձանց պատասխանատվության հարցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետեւանքով 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 50 մարդ: Հրաչյա Հարությունյանը ՀՀ քաղաքացի է, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ նա երթեւեկել է հայաստանյան վարորդական իրավունքով, իսկ նրա վարած «ԿամԱԶ»-ը հանված է եղել հաշվառումից: Հարությունյանին, կալանավորելու թույլտվություն ստանալու համար, դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով, ինչը Հայաստանում եւ Ռուսաստանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. 2008-ին Վրաստանը պատրաստ էր բացել Աբխազական երկաթուղին Հայաստանի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է Հայաստան գազի մատակարարումը’