‘Հրաչյա Պետրոսյան. Ատոմակայանի սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվել է ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ’

735

Թուրքիան ժամանակ առ ժամանակ նման հայտարարություններ անում է, և ժամանակ առ ժամանակ մենք պատասխանում ենք, որ հայկական ատոմակայանը կառուցվել է ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ, ինչպես աշխարհի բոլոր ատոմակայանները: iLur.am-ի հետ զրույցում ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն այսպես մեկնաբանեց Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզի այն հայտարարությունը, թե Մեծամորի ատոմակայանը վտանգավոր է, ու իբր ՄԱԳԱՏԷ-ն պահանջել է փակել այն:

«Արտաքին սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվել է նույնպես ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ, միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նույն Թուրքիան, որքանով տեղյակ եմ, մեր հարևան Ռուսաստանի օգնությամբ մտադիր է իր տարածքում կառուցել միանգամից երկու ատոմակայան: Հարց է ծագում՝ եթե այդքան վտանգավոր բան է, ինչո՞ւ են կառուցում»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի տարածքը սեյսմիկ առումով ավելի վտանգավոր է, քան Հայաստանի տարածքը:

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ ատոմակայանի կառուցվելիք նոր բլոկի հարթակի սեյսմիկ վտանգը գնահատվել է բարձր մակարդակով, և վտանգի գնահատման ամբողջ ընթացքը վերահսկվել է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների կողմից:

 

Նախորդ հոդվածը‘Մարդու երջանկության գրավականը պարբերական մեդիտացիան է ‘
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին սոցիալական ոլորտին տրամադրվող միջոցները կրճատվել են 4 112.0 մլդ դրամով ‘