‘«Հրապարակի» եւ iLur.am-ի ներկայացուցիչները կբողոքարկեն նիստը դռնփակ անցկացնելու որոշումը (Տեսանյութ)’

861

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի վերաքննիչ բողոքով դատական նիստն այսօր հետաձգվեց հայցվոր կողմի ներկայացուցիչների պահանջով:

Նշենք, որ լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով կայացրած վճիռը:

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ այսօրվա նիստն ընթանում էր դռնփակ ռեժիմով: iLur.am-ի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու լրատվամիջոցների վերաքննիչ բողոքների վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին հանձնվեց միայն այսօր: «Ընդ որում, դատարան չէին ներկայացել քննիչ Բեգոյանը եւ վերահսկող դատախազը: Երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներս միջնորդեցինք, որպեսզի նիստը հրապարակային անցկացվի, սակայն դատավոր Եվա Դարբինյանը մերժեց այդ միջնորդությունը, եւ քանի որ մենք իրավունք ունենք վարույթ ընդունելու որոշումը, որով ֆիքսված է, որ դատաքննությունը դռնփակ է անցկացվելու՝ բողոքարկելու, մենք խնդրեցինք, որ նիստը հետաձգվի՝ տվյալ որոշումը բողոքարկելու համար: Այս պահի դրությամբ՝ մենք պայքարում ենք, որպեսզի այս դատաքննությունը դռնբաց անցկացվի՝ համարելով, որ չկան հիմքեր այն դռնփակ անցկացնելու համար, որովհետեւ լրատվամիջոցներից որեւէ մեկը չի միջնորդել այն դռնփակ անցկացնելու մասին»,- նշեց Լուսինե Հակոբյանը:

Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ ներկայացվել են բազմաթիվ եվրոպական նախադեպեր, որոնք պետք է հաշվի առնեին դատարանները եւ որոշում կայացնելիս առաջնորդվեին դրանցով: «Իհարկե, միայն այն բանից հետո, երբ օրենքով կնախատեսվեր լրատվամիջոցից այս ընթացակարգով աղբյուրի բացահայտման պահանջ ներկայացնելու հնարավորությունը: Այս պահի դրությամբ՝ ամենակարեւոր արգումենտը օրենքով նախատեսված չլինելն է»,- ասաց Տիգրան Եգորյանը: «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի պնդմամբ՝ իր իրավական պրակտիկայում դեռեւս նման նախադեպ չի եղել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին:

 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն հնարավոր է վաճառի Տորեսին ‘
Հաջորդ հոդվածը‘Оչոան հրաժարվեց «Լանս» տեղափոխվելուց’