‘
Չեմ ուզում անդրադառնալ նրանց պնդումներին, ովքեր համառորեն շարունակում են ջանք թափել` Րաֆֆի Հովհաննիսյանի «քաղաքական պայքարը» դրական լույսի ներքո ներկայացնելու համար: Անիմաստ եմ համարում: Անիմաստ եմ համարում նույնքան, որքան իմաստազուրկ եմ համարում այսօր Ազատության հրապարակը «սեփականաշնորհած»` ՀՀ նախագահ ընտրված, բայց ոչ մի գնով իր ազգընտիր լինելը չընդունող այս տարօրինակ պարոնի արտահայտած մտքերի մեջ գեթ կես կաթիլ տրամաբանություն փնտրելը: Նաեւ հորդորներ են հնչում, թե չարժե մեղադրել ու քննադատել Րաֆֆուն: Թե ինչո՞ւ, չի պարզաբանվում: Երեւի հորդորողներն էլ են հասկանում, որ պարզաբանման դեպքում շատ անհարմար բան է ստացվելու:
Ինչ որ է: Փառք տանք Աստծուն, որ անղեկ մնացած միտինգավորները երեկ հիմնականում սադրանքների չտրվեցին, եւ Բաղրամյան փողոցում տիրող քաոսը ողբերգությամբ չավարտվեց:
Հետո՞: Անցավ-գնա՞ց: Անպատասխան հարցեր չմնացի՞ն: Հակառակը. ո՛չ թե անպատասխան հարցեր չմնացին, այլ մնացի՛ն միայն անպատասխան հարցեր, որոնցից մեկն ուզում եմ ինքս տալ, որքան էլ կողքից հորդորներ հնչեն, թե` մի քիչ էլ սպասենք, տեսնենք` ինչ է լինում: Սպասեք, ի՞նչ է եղել որ. իմ հնչեցրած հարցերն այնքան զորավոր չեն, որ, ինչպես երեկ Պետրոս Ղազարյանի հյուր, ժառանգական Հովսեփ Խուրշուդյանն ասաց` «հզոր առաջնորդի ու հզոր շարժման» արծվային սլացքը կասեցնեն:
Չեմ ուզում մանրանալ եւ հարց տալ, թե որտեղ էին, օրինակ, նախկին կոնգրեսական «վճռականները», որտեղ էր Պետրոս Մակեյանն այն ժամանակ, երբ ժողովուրդը շվարած Րաֆֆի Հովհաննիսյանին էր սպասում, իսկ Րաֆֆին այդ ժամանակ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ աղոթում էր: Առավել չեմ ուզում մանրանալ ու նույն բանը հարցնել «կոշտ» պայքարի կողմնակից Սոս Գիմիշյանի դեպքում: Այսպիսի բոցաշունչները շատ էին «Րաֆֆու հարթակում», հնարավոր չէ բոլորին հիշել: Արժանի էլ չեն: Ի վերջո, եթե նույնիսկ այս մարդիկ փորձեին պատասխանատվությունը վերցնել իրենց ուսերին, ժողովուրդը դժվար թե ենթարկվեր իրենց:
Երեկ հիշում էի ամենաարժանավորին ու հենց նրան էի փնտրում քամու բերանն ընկած միտինգավորներին նայելիս: «Առաջին գծում» Զարուհի Փոստանջյանին տեսա, որը, ճիշտ թե սխալ, բայց փորձում էր ինչ-որ չափով պատասխանատվությունն առնել իր ուսերին: Ժիրայր Սեֆիլյանին տեսա: Անդրիաս Ղուկասյանին տեսա, որ կրկին, ճիշտ թե սխալ, փորձեց բարձրախոսով ինչ-որ ուղղություն տալ միտինգավորների պատեպատ զարկվող ցասմանը: Հաջողվեց, թե չհաջողվեց` այս դեպքում էական չէ: Էականն այն է, որ մարդը փորձեց «զորավարի» հետ ծլկած Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ինչ-որ քայլեր հուշել ամեն րոպե անկառավարելի դառնալու վտանգի շեմին հայտնված ժողովրդին: Իսկ որ նման վտանգ կար, պայքարի փորձ ունեցողները հիանալի գիտեն. սերժիկական «բանակից» ներդրված սադրիչներ` որքան ուզեք, շնից շատ են:
Ես Նիկոլ Փաշինյանին էի փնտրում: Գտա: «Ազատություն» ռադիոկայանի Հրայր Թամրազյանը հարցեր տվեց Նիկոլին, նա էլ պատասխանեց: Ասաց, որ ինքն էլ առանձնապես լավ չի հասկանում` ինչ է կատարվում, տեղեկացրեց հայ ժողովրդին, որ ներկա է իր ընտանիքի հետ: Մոտավորապես այսքանը:
Երեւի կասեք` դե էլ ի՞նչ ես ուզում, մարդն այնտեղ պայքարում է, իսկ դու տանը նստած` մեծ-մեծ խոսում ես: Ե՞ս: Մեր մեջ ասած` արդեն ահագին ժամանակ է ինքս Նիկոլից ոչինչ չեմ ուզում ու չեմ սպասում: Ես բնավորության մի շատ վատ գիծ ունեմ. ում ժամանակին շատ եմ հարգել ու սիրել եւ հետո հիասթափվել եմ, նրանից ավելի քիչ բան եմ սպասում, քան նրանցից, ում նույնիսկ քամահրանքով եմ վերաբերվել:
Իմ հարցը նրանց է ուղղված, ովքեր սպասելիքներ ունեին եւ ունեն: Նրանց է ուղղված, ովքեր մինչ օրս հիանում են Նիկոլի հարթակային ելույթներով: Լավ են անում: Նիկոլը լավ հռետոր է` հիացեք ձեր սրտի ուզածի չափ: Բայց հո չե՞ք հերքի, որ րաֆֆիական պայքարի շրջանում ամենաբոցաշունչ եւ վճռական քայլերի մղող ելույթները Նիկոլինն էին: Հարթակում «բիրդան» հայտնված խելապակասներին չեմ հաշվում: Իմ խոսքը խելքը գլխին մարդու մասին է:
Երբ Հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին սկսեց «օրորոցային» երգել, համառ բացականչություններ հնչեցին` հիմա՛, հիմա՛, հիմա՛: Թե ովքեր կարող էին լինել «հիմա» բացականչողները, դժվար չէ գուշակել: Ի վերջո, Րաֆֆին տեղի տվեց եւ մարդկանց առաջնորդեց դեպի Բաղրամյան: Թե ինչ կարելի է մտածել մի առաջնորդի մասին, որն այլ կերպ է մտածում, բայց կատարում է մի քայլ, որն իր սրտով չէ, իր կարծիքով` սխալ է, մտածողը մտածում է վաղուց: Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողը գիտի, որ առաջնորդը հենց դրա համար է, որ բացատրի մարդկանց ճիշտն ու սխալը եւ համոզի, որ իր ընտրած քայլն է ճիշտ: Բայց քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողը նաեւ գիտի, որ Րաֆֆու անհոդաբաշխ, սկիզբ ու վերջ չունեցող «մտքերը» հարթակի մատույցներում հավաքվածներին է միայն հիացնում, մնացածները ճարահատյալ են Հրապարակում հայտնվել` ազատություն եւ արդարություն են ուզում, եւ ավաղ` այսօր այդ պայքարի ղեկը հայտնվել է մի մարդու ձեռքին, որի աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, աջ ոտքն էլ Բաղրամյան է գնում, ձախը` Ծիծեռնակաբերդ:
Եւ ուրեմն: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ժողովուրդը հայտնվել էր ամեն ինչի ընդունակ գազանին դեմհանդիման, Րաֆֆին` ոստիկանապետի հետ «ջանջիգյար» ասելով ճամփա էր ընկել դեպի Ծիծեռնակաբերդ, ինչ-որ մարդիկ փորձում էին բորբոքված ժողովրդին կամ հանդարտեցնել, կամ ինչ-որ ճամփա ցույց տալ, իսկ հեղափոխության մուսա Նիկոլ Փաշինյանն այնտեղ էր, բայց` անճանաչելիորեն համեստ եւ զուսպ:
Ես այլ պայքար եմ տեսել եւ այլ առաջնորդներ: Իմ պայքարի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ա-ից մինչեւ Ֆ բացատրում էր ժողովրդին` ինչ է պետք անել եւ ինչպես: Պատահում էր, որ նրա առաջարկած ճանապարհն այդ պահին այնքան էլ մեր սրտով չէր լինում, բայց հավատում էինք մեր առաջնորդին, թեկուզ դժգոհ`սպասում էինք: Ոչ թե որ ընդվզող չէինք, այլ ինքներս ավելի լավ ճանապարհը չգիտեինք: Կամ էլ եթե գիտեինք, ասում էինք, մեր առաջնորդն է՛լ ավելի փաստարկված ապացուցում էր, որ մեր առաջարկած ճանապարհը ոչ մի տեղ չի տանում: Մեր պայքարի մնացած բոլոր պատասխանատուները բոլոր այն իրավիճակներում, երբ գազանի երախի առաջ էինք հայտնվում, իսկ մենք, կարելի է ասել, մշտապես այդ երախի առջեւ էինք կանգնած, երբե՛ք թույլ չեն տվել, որ պատասխանատվությունը մնա ժողովրդի ուսերին: Իրե՛նք են բանակցություններ վարել բազազիկների հետ, իրե՛նք են որոշում կայացրել, երբեմն էլ այդ որոշումների համար թուքումուր են կերել մեզանից, բայց երբե՛ք, երբե՛ք ժողովրդի թիկունքում չեն հայտնվել: Մե՛նք ենք եղել իրենց թիկունքում, իսկ առաջին հարվածը միշտ իրենք են վերցրել իրենց վրա:
Դա քո պայքարը չէ՞ր, Նիկոլ: Հնարավոր է` ինչպես կասեր Րաֆֆին: Եթե քո պայքարը չէր, ի՞նչ գործ ունեիր Րաֆֆու կողքին: Հավատա՞մ չարախոսներին, թե քեզ համար կարեւորն այն է, որ դու խոսես, քեզ ծափահարեն ու ասեն` Նիկոլն ա, է՛: Եթե քո պայքարն էր, ինչու՞ էր ժողովուրդն Անդրիասի ու Զարուհու հույսին մնացել, բա ու՞ր էր անխոցելի ու անկասելի Նիկոլը, ինչու՞ խոսափողը չառավ ու ժողովրդին չհորդորեց` կամ վերադառնալ Ազատության հրապարակ, կամ` գնալ մինչեւ վերջ:
Կասեք` Նիկոլը քի՞չ է զրկանքներ կրել, անազատության դառը տարիներ անցկացրել, ի՞նչ ես ուզում Նիկոլից: Ճիշտ կասեք: Ես Նիկոլին երկար ու երջանիկ կյանք եմ մաղթում ու ոչ մի բան չեմ ուզում իրենից: Նիկո՛լն էր ուզում: Կոնգրեսից ու Կոնգրեսի առաջնորդից: Եւ ինչ որ ուզում էր, հիմա ինքը չի անում: Ես էլ հարցնում եմ` ինչու՞ չես անում այն ամենը, ինչը պահանջում էիր Կոնգրեսից ու Կոնգրեսի առաջնորդից:
Ես կոնգրեսական եմ: Հաճախ եմ կարդում եւ լսում, որ Կոնգրեսն առաջվանը չէ: Այո, առաջվանը չէ: Եւ դրա համար մեղքի իր ծանրակշիռ բաժինն ունի Նիկոլ Փաշինյանը: Դե, ես էլ հարցնում եմ նրանց, ովքեր հիացած են Նիկոլի բոլոր քայլերով` ինչու՞ չեք հարցնում նրան` Հրապարակում ամենավճռականը դու էիր, Բաղրամյան պողոտայում վճռականությունդ որտե՞ղ էր դեգերում: Անտերունչ մնացած ժողովուրդը պատասխանատվությունն իր վրա վերցնողի էր սպասում: Հրապարակում քեզանից շատ ոչ ոք չէր տենչում, որ ժողովուրդը գնար Բաղրամյան պողոտա, վերցնեիր պատասխանատվությունը, թեկուզ խաղաղեցնեիր ժողովրդին` մինչեւ Րաֆֆին ավարտեր իր սիլի-բիլին Վովա Գասպարյանի հետ ու գար «դեր» կանգներ նրանց:
Ձեզ համար եմ ասում, ներկա պահի հեղափոխականներ: Ինքս Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից ոչ գնացել եմ, ոչ էլ կգնամ: Նիկոլի հետեւից էլ, արդեն տեւական ժամանակ է, գնալու միտք ու ցանկություն չունեմ: Ու ինձ չի հետաքրքրում, թե իմ այս որոշման տակից ով քանի տարեկան հորթ կհանի:
Լիզա Ճաղարյան
‘