‘Հրապարակվել է Յաշինի զեկույցի՝ Կադիրովի «մասնավոր բանակի» մասին հատվածը’

1414

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը Բորիս Նեմցովի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ Չեչենական Հանրապետության վերաբերյալ փորձագիտական զեկույց է պատրաստել, որի մի հատվածը՝ «Մասնավոր բանակ» գլուխը՝ Չեչնիայի ուժային կառույցների և Դոնբասում դրանց մասնակցության վերաբերյալ, հրապարակել է New Times-ը: Զեկույցի ամբողջական տարբերակը հրապարակվելու է այսօր:

Զեկույցում գնահատական է տրվում Չեչնիայում անձամբ Կադիրովին ենթարկվող զինված կազմավորումների թվաքանակին և մարտունակությանը, որոնց շքահանդեսը Չեչնիայի ղեկավարը կազմակերպել էր Գրոզնու մարզադաշտում 2014 թ. դեկտեմբերին: Այն ժամանակ Կադիրովը հայտարարել էր, որ ինքն անձամբ և այդ զորամիավորումները «Պուտինի մարտական հետևակն են»՝ պատրաստ կատարելու գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած հրաման:

Զեկույցում տվյալներ են ներկայացվում Դոնբասի հակամարտությունում «կադիրովականների» մասնակցության և զոհերի մասին: Մասնավորապես՝ տեղեկացվում է, որ «Ռամզան Կադիրովի ուժային կառույցների» վետերաններից ձևավորված «Մահ» գումարտակը մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի և Իլովայսկի մարտերին:

Ի դեպ, Ռամզան Կադիրովն արդեն սոցիալական ցանցերում հրապարակել է Յաշինի՝ «Սպառնալիք ազգային անվտանգությանը» վերնագրված զեկույցը՝ շեշտելով, որ այն «շաղակրատությունից բացի՝ այլ բան չի պարունակում»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում զինադադարի մասին’