Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն հետեւողականորեն ներդրեցին փողոցային բառապաշարով, հայհոյանքներով, սպառնալիքներով խոսելու ավանդույթը։ Քաղաքական թիվ 1 մարմնի խոսույթը դարձավ բացառապես ապաքաղաքական բառապաշարը, այս ԱԺ-ում այլեւս խելացի ելույթներ, նուրբ վերլուծություններ չեն հնչում, որովհետեւ իշխանության թելադրած ոճը, այսպես թե այնպես, փոխանցվում է նաեւ մյուսներին, դառնում շփվելու միակ ձեւը։
Պարզ է, որ մեր հասարակության զգալի մասն Արցախը հանձնած, պարտված ու խաղաղություն մուրող ՔՊ-ականներին անվանում է «թուրք», «հայրենավաճառ», «դավաճան»։ ՔՊ-ական պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովում դիմելով Լեւոն Քոչարյանին, ասում է․ «Մեզ թուրք՝ որպես հայհոյանք ասողներին․ ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որեւէ այլ մարդու կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա հերն էլ, մերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ․․․»։ Զարմանալի է Արսեն Թորոսյանի բռնկումն այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում է, որ «թուրք» բառից ինքը չի վիրավորվում։ Մինչ այդ էլ Հակոբ Արշակյանն էր սպառնացել Քոչարյանին՝ «ձայնդ կտրի, Լեւոն, արա, էյ, քեզ դուրս կշպրտեմ այստեղից»։ Նախորդ շաբաթ էլ Նիկոլ Փաշինյանն էր Սեյրան Օհանյանին «համբալ» անվանել եւ ասել՝ «վեր ընգի տեղդ»։ Ժողովուրդը սրան ասում է՝ պլինտուսից ցածր վիճակ։
Ի՞նչ անեն ընդդիմադիր պատգամավորները, եթե իրենց կողմից ցանկացած՝ անգամ ամենաքաղաքակիրթ ելույթ ու հակադարձում նման արձագանքի է արժանանում, եւ ստացվում է, որ անզոր են ոչ միայն պաշտպանել Հայաստանի պետական շահը, այլեւ՝ անգամ իրենց շահը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այս խորհրդարանը հայ ազգի ողբերգությունն է, որի հետ գործ ենք ունենալու մինչեւ 2026 թիվը։
«Երբ երկրի վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից իրեն պահում է թիվ մեկ խուլիգանի պես, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա եւ մնում է անպատիժ, մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր անտակտ արտահայտություն է անում լրագրողներից մեկի հասցեին, երբ Մասիվի թաղապետը մարդ է ծեծում եւ անպատիժ մնում, ի՞նչ եք սպասում նման իշխանությունից»,- ասում է նա եւ շեշտում՝ գործ ունենք խուժանապետության հետ։
«Այնպես չէ, որ խորհրդարանական ընդդիմությամբ հիացած եմ, բայց քաղաքական բարքեր, մշակույթ թելադրողն առաջին հերթին իշխանությունն է, եւ առաջին պատասխանատվությունն այս իշխանությունն է կրում։ Գործ ունենք խուժանապետության հետ, կամ՝ արդիական է դարձել Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գործը։ Քաղաքագիտական գնահատական չարժե տալ, իրենց վարքագծով կրիմինալիստները պետք է զբաղվեն»,- նշեց նա։
Նման իրավիճակում ի՞նչ անի ընդդիմությունը․ իմպիչմենտի գաղափարը լավ է՝ ասում է Սուրենյանցը, սակայն քանի դեռ չկա համաժողովրդական շարժում, ակտիվ փողոց, իմպիչմենտի հեռանկարը մնում է մշուշոտ։ «Եթե համաժողովրդական շարժում չկա, իշխանության մեջ ճաքեր չեն առաջանալու, 18-20 պատգամավոր չի միանալու իմպիչմենտին, ի՞նչ իմաստ ունի այն։ Գաղափարը լավն է, բայց ճանապարհային քարտեզը չեմ տեսնում»։
Ըստ քաղաքագետի՝ հասարակությունն ու ընդդիմությունն այս իրավիճակից պետք է դաս քաղեն եւ առաջիկա ընտրություններին համատարած մերժեն ՔՊ-ին․ «Ամենառացիոնալ եւ արժանահավատ ճանապարհը դա է»։
Սուրենյանցի կարծիքով՝ այս խորհրդարանում գտնվելն արդեն անպատվաբեր է։ «Ընդդիմությունը ո՛չ կարող է մթնոլորտ փոխել, ո՛չ էլ որեւէ այլ բան։ Ամեն դեպքում, ընդդիմության ներկայությունը նպաստում է իշխանության դեմքն ամբողջությամբ բացահայտելուն»,- ասաց նա։ Իշխանությունն իր քաղաքական ելույթներում պարբերաբար հղում է անում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եւ մեղադրանքներ հնչեցնում։ Քոչարյանը կառավարել է մինչեւ 2008-ը, եւ այդ տարիների իրադարձությունները հիշելն ի՞նչ օգուտ է տալիս պետությանը, ի՞նչ իմաստ ունի։ «Ներկա-նախկին բաժանումը, թալանի թեման, կոռուպցիայի թեման այլեւս չեն աշխատում մի քանի պատճառներով՝ 7 տարի իշխանության են, թող պատժեն իրենց ասած թալանչի կոռուպցիոներներին։ Հո իրենք ընդդիմություն չե՞ն, որ խոսում են, է՝ թող պատժեն։ Այս իշխանությունն այնքան է թաթախված կոռուպցիայի մեջ, եւ այնպիսի ազգային աղետ են բերել մեր գլխին, որ հաստատ իրենք չեն դասեր տվողները»,- ընդգծեց Սուրենյանցը։
hraparak.am