‘
Վրաստանում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մեծ համակրանք է վայելում Թբիլիսիի հայ համայնքում եւ հատկապես արվեստագետների շրջանում: Որպես թատերասեր բարեգործ՝ նա վերջին մի քանի տարիներին ամեն ամիս մեծ գումարներ է վճարել Թբիլիսիի մշակութային օջախներին եւ չի մոռացել նաեւ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը: Յուրաքանչյուր ամիս նա մոտ 4 հազար դոլար է ուղարկել հայկական թատրոնի հաշվին, եւ տնօրինությունն այդ գումարներից դերասաններին աշխատավարձի հավելավճարներ է տվել: Սրա հետ կապված՝ հետաքրքիր դեպք է պատմել Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը: Մի անգամ նա թատրոնի դերասանների կողմից իր աշխատասենյակում պահվող շքեղ հնաոճ ծաղկամանն ուղարկել է Իվանիշվիլուն՝ ի նշան բարեգործությունների համար շնորհակալության եւ ի հիշատակ Ադամյանի անվան թատրոնից: «Իվանիշվիլին հետ ուղարկեց նվերը՝ ասելով, որ երբեք չի կարող այն ընդունել, քանի որ գիտի, թե ինչ վատ վիճակում եւ ինչ մեծ կարիքի մեջ է հայկական թատրոնը»,- պատմում է Արմեն Բայանդուրյանը:
‘