Հրդեհի բռնկումով պայթյուն ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում․ կա զոհ եւ վիրավորներ

512

Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:

«Նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։

Ոստիկանության տվյալներով՝ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։

Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Էրդողանը ԳԴՀ ղեկավարությանը կպատմի Գազայում Իսրայելի հանցագործությունների մասին
Հաջորդ հոդվածըATP Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը տարավ երկրորդ հաղթանակը