‘Հրդեհի ժամանակ շոգեբաղնիքում եղել են համերգի կազմակերպիչները. ՄՀՀ ներկայացուցիչ’

2703

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, այսօրվա մամուլի ասուլիսին խոսելով Համալիրում տեղի ունեցած երեկվա հրդեհի մասին, նշել է, որ կատարվել է ՄՀՀ բռնազավթում և ապօրինի շահագործում այն գույքի, որը գտնվում է ՄՀՀ-ում և չի պատկանում Համալիրին. «Այնտեղ բազմաթիվ այլ կազմակերպությունների և անհատների պատկանող գույք կա, որի մասին արդեն բազմիցս նշել ենք», – ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ իրավունք չկա մեկ ուրիշի կողմից շահագործել այդ գույքը, հաղորդում է 7or.am-ը։

Ինչ վերաբերում է գույքի վնասի չափին, բանախոսը նշել է, որ նրանց թույլ չեն տալիս մոտենալ և տեսնել՝ ինչ է կատարվում ներսում:

Ըստ Գրիգորյանի՝ նման մասշտաբի միջոցառում անցկացնելիս, նախկին սեփականատիրոջ ժամանակ, պայմանագրում կար կետ, որը վերաբերում էր շտապ օգնության և հրշեջ ծառայության առկայությանը։

«Հազարավոր երիտասարդների հավաքում եք այնտեղ՝ հսկայածավալ կառույցում, ոչ մի անվտանգության միջոցներ ձեռք չառնելո՞վ։ Փառք Աստծո, որ երեկ մենք մարդկային ինչ-որ զոհեր և այլն չունենք»,–շեշտել է Գրիգորյանը։

Ըստ news.am-ի, Գրիգորյանը նաև ասել է, որ Մարզահամերգային համալիրում շոգեբաղնիքը կառուցվել է մարզիկների համար և բաց է լինում միայն մրցումների ժամանակ. «Անհասկանալի է, թե ինչու է համերգի ժամանակ շոգեբաղնիքը բաց եղել, ու ինչու է սաունան վառվել: Այն միայն մրցումների ժամանակ է բացվում, չեմ կարծում, որ երգիչներն իրենց մկանները թուլացնելու կարիք ունեին: Այստեղից եզրակացություն՝ սաունան դարձրել են բորդել»:

Կորյուն Գրիգորյանը համոզված է, որ շոգեբաղնիքում այդ պահին եղել են համերգի կազմակերպիչները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Պարզվել է, որ այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ): Հրդեհը տեղի է ունեցել համերգի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և որին ներկա էին մի շարք բարձրաստիճան ՀՀԿ-ականներ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված խորհրդակցությունն ավարտվել է անարդյունք ‘
Հաջորդ հոդվածը‘Մարիո Գյոտցե. «Մենք ռևանշ չենք փնտրում»’