Հրթիռային հարված Կիևին

437

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ռուսաստանյան բանակը միանգամից հինգ հրթիռ է արձակել Կիևի վրա հենց այն պահին, երբ այնտեղ է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը։

Հրթիռները պայթել են քաղաքի կենտրոնական շրջանում, պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ։

Հրթիռներից մեկն ընկել է այն հյուրանոցի մոտ, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էր իջևանել։

Հարվածը հասցվել է տառացիորեն մեկ ժամ անց Գութերեշի և Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսի ավարտից, որի ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարը քննադատության է ենթարկել Անվտանգության խորհրդին՝ այդ պատերազմը կանխելու կամ դադարեցնելու անկարողության համար։

Գլխավոր քարտուղարը և նրա պատվիրակության անդամները չեն տուժել։ Ինչպես հաղորդել է Գութերեշի մամուլի քարտուղարը, հարվածի պահին պատվիրակության անդամները հանդիպում են անցկացրել Ուկրաինայի վարչապետի հետ վերջինիս գրասենյակում, և հյուրանոցում ոչ ոք չի եղել։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևի հրթիռակոծումը թևավոր հրթիռներով այն պահին, երբ այնտեղ են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Բուլղարիայի վարչապետը, անվանել է զզվելի, բարբարոսական արարք։

«Ինչպե՞ս պետք է սրան արձագանքի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կամ հենց ՄԱԿ-ն ինքը,- հարց է տվել Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։- Այսինքն, նրանք պարզապես թքել են նրա թիկունքին։ Եվ պարզ է, որ դա վրեժ է Մոսկվայում նրա տված գնահատականների համար, նրա համար, որ ասել է՝ սա պատերազմ է, ոչ թե հատուկ գործողություն, և որ ռուսաստանյան բանակը ռազմական հանցագործություններ է կատարում։ ՌԴ-ն կրակել է նրան թիկունքից»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Արոնյանը եզրափակիչում պարտվեց Կարուանային
Հաջորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայում կարող է կիրառել «Չորսի եզրափակիչը»