‘ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Վանաձոր քաղաքում համատարած խուզարկություններ են իրականացվել’

816

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն՝ 2012 թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին համատարած խուզարկություններ են իրականացվել Վանաձոր քաղաքի բնակիչների բնակարաններում: Այս մասին iLur.am-ին հայտնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

Բնակիչների մեծ մասը, խուսափելով հնարավոր հետապնդումներից, վախենում է բարձրաձայնել այդ փաստերի մասին: Քաղաքացիներից միայն Վանաձոր քաղաքի ավագանու անդամ Արմեն Այվազյանն է բարձրաձայնել փաստի մասին:

Հերթական անգամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, խորամուխ չլինելով խուզարկությունների վերաբերյալ միջնորդությունների հիմնավորվածությանը, հաստատելով դրանք, նպաստում է ոստիկանության կողմից քրեական գործով առնչություն չունեցող քաղաքացիների բնակարանները խուզարկելուն:

Հերթական անգամ ոստիկանությունը կիրառում է «խուզարկություն օպերացիան» իր տեսակետից «անբարեհույս» քաղաքացիներին հետապնդելու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով: Ե՛վ դատարանի, և՛ ոստիկանության կողմից նման գործելաոճը չեն կարող նպաստել իրենց նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը: Ավելին՝ հանգեցնում են իրավական համակարգի արժեզրկմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով համատարած խուզարկությունների կիրառումը, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առարկա դարձնել այս հարցը:

Նախորդ հոդվածը‘Ռոուլինգի նոր գիրքը գլխավորում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բեսթսելլերների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանի էրոտիկ լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել Տեխասում’