‘ՀՔԾ. ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտյալին օգնել է թմրամիջոց ձեռք բերել’

560

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Ներսիսյանը, 2014թ. մարտի 19-ին, հեռախոսով պայմանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Նարեկ Մամիկոնյանի հետ` կաշառք տալու պայմանով վերջինիս միջոցով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցի շուրջ:

Հանցավոր մտադրությունն իրակացնելու համար, Գառնիկ Ներսիսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, քննությամբ չպարզված անձը խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դիտավորությամբ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի սկզբնամասում տեղադրել է «Ախթամար» ծխախոտի տուփ, որի մեջ եղել է խոշոր չափերով թմրամիջոցը և կաշառքի գումարը: Տուփը վերցրել է Նարեկ Մամիկոնյանը` կաշառքի գումարը պահել է իրեն, իսկ թմրամիջոցը փորձել է փոխանցել Գառնիկ Ներսիսյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը:

Նարեկ Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գառնիկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ կանցկացվեն. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իրավական գնահատական տալ լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստին ‘