‘
Հայաստանի եւ Դանիայի ազգային հավաքականների միջեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ տարաձայնություններ են առաջացել 2 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ:
Bt.dk-ը գրում է, որ դանիացիները Հայաստանի հավաքականին խնդրել են հանդես գալ ոչ թե սպիտակ, այլ կապույտ կիսավարտիքով, սակայն հայկական կողմը չի համաձայնել: Դանիայի հավաքականի տնային ու Հայաստանի թիմի արտագնա խաղերի համազգեստի կիսավարտիքները սպիտակ են: Դանիացները ստիպված են լինելու հանդես գալ կարմիր կիսավարտիքով:
«Խնդիրն այն է, որ ցանկանում ենք նոր համազգեստը ներկայացնել երկրպագուներին, սակայն մենք չենք կարող անել դա: Ստացել ենք շատ չոր ու կարճ պատասխան: Նրանք ոչ մի պատճառ չեն տեսնում մեզ օգնելու համար: Շատ զարմացած ենք, որ հայերը չեն ցուցաբերում անհրաժեշտ մեծահոգություն ու ըմբռնում: Նրանց վարքը շատ զարմանալի է: Մինչեւ այս Հայաստանի հետ հաջող համագործակցել ենք եւ նման խնդիրներ չեն եղել»,- ասել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Յակոբ Հոյերը:
Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա — Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի օգնելու Հայաստանի հավաքականին:
‘