‘ՀՖՖ նախագահը «ոնց որ լրիվ խառնում ա սաղ». նա ֆուտբոլիստներին ծաղրածու է անվանել’

1494

Որեւէ մեկը չի ասում, թե Հենրիխ Մխիթարյանին պետք է գնդակահարել: Պարզապես պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ որեւէ ֆուտբոլիստի մտքով  չանցնի՝ նման հայտարարություններ անելու:

«Հենրիխ Մխիթարյանը բոլորի պես ունի իր կարծիքն արտահայտելու իրավունքը: Նա խաղից հետո շատ բարկացած է եղել, քանի որ շատ ֆուտբոլիստներ իրենց պահել են ցիրկի կլոունի պես, բայց այդ մասին ֆուտբոլիստները իրավունք չունեն հայտնելու: Հատուկ ուշ ընկալողների համար կրկնեմ, որ Մխիթարյանը իրավունք չուներ այդպիսի բան ասեր, բայց հիմա ի՞նչ անենք՝ գնդակահարե՞նք նրան: Մեր սիրելի Հենոն ա: Մենք դնում ենք սահմանափակումներ լրագրողների համար: Այն լրագրողները, ովքեր կապ չունեն սպորտի հետ, բայց ցանկանում են շփվել ֆուտբոլիստների հետ, կհանդիպեն սահմանափակումների: Ով ասես՝ հիմա կայք է բացում: Ով հազար դրամ փող ունի, կայք է բացում: Մենք չենք կարող բոլորին հսկել»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը՝ հերթական անգամ չկարողանալով խուսափել մեր հասարակության ներկայացուցիչներին վիրավորելուց:

Մեծագույն ցավ է, որ ՀՖՖ նախագահին թվացել է, թե մեր ֆուտբոլիստներից ոմանք դաշտում իրենց ծաղրածուի պես են պահում: Փաստորեն՝ նա ակամա խոստովանեց, որ կիսում է այն կարծիքը, որ արտահայտել էր Հենրիխ Մխիթարյանը: Մնում է կռահել, թե այս հայտարարություններից հետո ֆուտբոլիստները կկարողանա՞ն հավաքականում նորմալ խաղալ, թե՞ ոչ: Երբ անուններ չեն տալիս եւ նախ ասում են, թե սիրտ ու հոգի չեն դնում, իսկ հետո մեղադրում ծաղրածու լինելու մեջ, ապա դժվար է նորմալ ֆուտբոլ խաղալ: Կարելի է ասել, որ երբ մերժվեց Վարդան Մինասյանի հրաժարականը, ապա պարզ դարձավ, որ այս հավաքականն այլեւս երբեք լուրջ հաջողությունների չի կարող հասնել:

Ի դեպ, ֆուտբոլիստներին կարող են քննադատել մարզիչները, մարզասերները եւ մասնագետները, բայց ոչ հավաքականի խաղացողները եւ հատկապես՝ ՀՖՖ նախագահը: Ցավալի է, բայց Ռուբեն Հայրապետյանը դեռ կարծում է, թե ինքը կարող է վիրավորել ֆուտբոլիստներին, լրագրողներին, լրատվամիջոցների ղեկավարներին: Ավելին, հերթական անգամ նա խոստովանեց, որ ինքն է որոշում, թե ով կխաղա հավաքականում, իսկ ով` ոչ:

Այսքանից հետո պարզ է դառնում, թե ինչու նա չընդունեց Վարդան Մինասյանի հրաժարականը: Դժվար է գտնել աշխարհում որեւէ այլ մարզիչ, որը կհամաձայնի հայտնվել նման դերում: Փորձեք պատկերացնել Կապելոյի կամ Սկոլարիի դեմքի արտահայտությունը, եթե հանկարծ Բրազիլիայի կամ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները փորձեն նրան հուշել հավաքականի կազմը:

Ռուբեն Հայրապետյանը չի էլ թաքցնում, որ ինքն է ղեկավարում հավաքականը: Իսկ հանրությունը լռում է: Լռում են նաեւ մարզական մեկնաբանները, հատկապես նրանք, ովքեր սիրում են գովերգել ՀՖՖ նախագահին, որ արտասահմանյան ուղեւորություններից ետ չմնան: Դեռ լավ է, որ հանրությունը կարողացավ հասնել նրան, որ Հայրապետյանը ներողություն խնդրեց տոմսերը ձեռքներին դրսում մնացած ֆուտբոլասերներից: Բայց սա քիչ է: Ֆուտբոլասերները պետք է փոխհատուցում ստանան, իսկ կեղծ տոմսեր տպագրողներն էլ պետք է պատժվեն:

Եվ վերջում չմոռանանք նշել, որ քանի դեռ ՀՖՖ-ն ղեկավարում է մի մարդ, որին թվում է, թե ինքը կարող է ֆուտբոլիստներին ծաղրածու անվանել եւ հավաքականի կազմ որոշել, իսկ հավաքականի մարզիչն էլ մի մարդ է, ով այս ամենը հանդուրժում է, ապա հոջողությունների մասին կարող եք մոռանալ:

Արթուր Բարսեղյան   

Նախորդ հոդվածը‘«Կարֆուրը» մինչեւ տարեվերջ կգա ու ցույց կտա՝ իրո՞ք օլիգարխներն այդքան «կռուտոյ» են’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն գրանցեց ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները’