‘Հ.Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է, որ իրենք էլ ներդրողներ գտնեն’

1150

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նորից ցույց են անցկացրել կառավարության մոտ՝ պահանջելով աշխատավարձների գծով իրենց պարտքերի մարում: Ցույցի մի քանի մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում պատմեց գործարանի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը, հանդիպման ընթացքում Աբրահամյանը ասել է, թե իրենք կվճարեն ոչ թե աշխատավարձների գծով ողջ պարտքը, այլ՝ երեք ամսվա պարտք, որից մեկ ամսվա գումարը արդեն իսկ վճարվել է, մնացած երկուսը՝ եկող տարվա սկզբին:

Ապա, Աբրահամյանը առաջարկել է նաիրիտցիներին, որ իրենք էլ ներդրողներ որոնեն, ովքեր կգործարկեին Նաիրիտը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Նաիրիտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռ. Սաղաթելյանն ընկերության աշխատակիցներին է ավետել երկար սպասված լուրը` իշխանությունները որոշում են կայացրել մինչև տարեվերջ վճարվել աշխատավարձի ողջ պարտքը ( կուտակված է 12-ից 18 ամսվա պարտք` մոտ 15 մլն դոլարի չափով): Այդ լուրը ԱԺ-ում հաստատեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու իր տեղակալը: Սակայն, նոյեմբերի 27-ին, նաիրիտցիների հետ հանդիպեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և տեղեկացրեց , որ եկող տարվա փետրվարից Համաշխարհային Բանկը գործարանում անցկացնելու է տեխնիկական աուդիտ, եւ ասաց, որ աշխատավարձի ամբողջ պարտքը չի վճարվելու, քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան` այդպես էլ չբացատրելով, թե մեկ ամիս առաջ արված հայտարարության իրավական հիմքերը որոնք էին և ինչու դրանք հանկարծ վերացան:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Գալուստին ու մյուսներին ուշքի կբերե՞ս Խաչիկյանով…’
Հաջորդ հոդվածը‘Միշել Պլատինի. «Ես բազմաթիվ խոսակցությունների զոհ դարձա, որոնք տարածել է ՖԻՖԱ-ի ներքին հետաքննությունների բաժինը»’