‘Հ. Բագրատյան. Կենսաթոշակային «բարեփոխումների» այս տարբերակը չի համապատասխանում ՀՀ տնտեսական զարգացման մակարդակին’

972

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը քիչ առաջ Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է, որ այսօր Աժ-ում քննարկվում էր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, եւ նշել, որ այդ սխալ, չակերտավոր բարեփոխմանը կտրուկ դեմ է արտահայտվել: Այդ կապակցությամբ Բագրատյանը իր եւ Կոնգրեսի խմբակցության անունից ելույթ է ունեցել, որը ilur.am-ը ներկայացնում է ստորեւ: 

«1. Հաճախակի փոփոխություններն այստեղ և համակարգի ներդրման անընդհատ հետաձգումը ցույց են տալիս, որ «բարեփոխումների» այս տարբերակը սխալ է, բարդ, ամբիցիոզ, արկածախնդրային, չի համապատասխանում ՀՀ տնտեսական զարգացման մակարդակին։ Այսպես, այսօր աշխարհում կենսաթոշակային ապահովագրության առաջատարներ Նորվեգիայի (GPF), Ճապոնիայի (GPIF), ԱՄՆ (CALPERS), Հոլանդիայի (ABP) փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պարտադիր սխեմաների կիրառումը, ինչը շատ տարածված է հատկապես հարավային Եվրոպայի երկրներում (առաջատարը Հունաստանն է), այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է։ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգը, դրա հետ կապված օրենսդրական փաթեթը կառավարության կողմից ամբողջությամբ փոխառնված (պատճենավորված) են ՌԴ-ից, Էստոնիայից: ՌԴ-ում այս պրոցեսները սկսվեցին ՌԴ նախագահի 2006թ. հրամանագրով։ Մինչդեռ առ այսօր այդ համակարգը չի կայացել, առ այսօր ՌԴ-ն իր խնայողությունների զգալի մասը պահում է ԱՄՆ-ում (հետո էլ ասում ենք՝ ԱՄՆ-ին այդքան փող որտեղից՝ հսկայական բյուջեի դեֆիցիտը փակելու կամ պատերազմներ վարելու համար), առ այսօր ռուս հանրահայտ տնտեսագետներն այս բնագավառում (Շիշկին, Յասին), ինչպես նաև որոշ կառավարական չինովնիկներ խոստովանում են, որ այս բարեփոխումները չեն ստացվում։ Բանն ի՞նչ է։

Ա. Ցածր եկամուտների ու խնայողությունների, ինչպես նաև երկարատև ներդրումային ծրագրերի ու իրացման սխեմաների բացակայության պայմաններում պարտադիր սխեմաների կիրառումը արագորեն հանգեցնում է պետական պարտքի մեծացմանը։

Բ. Պետական կամ սոցիալական կենսաթոշակների ցածր լինելը բերում է նրան, որ գործնականում կուտակային ֆոնդերին քիչ խնայողություններ են մնում։

Գ. Պարտադիր կուտակային սխեմաների կիրառումը պետության և գործավորների նկատմամբ բերում է նրան, որ գործատուները (որոնք դուրս են պարտադիր սխեմաներից) էլ ավելի են հարստանում։

Դ. Խնայողությունները հավաքվում են ժողովրդից, տրվում են ներդրումային հիմնադրամներին եւ բանկերին, որտեղից հիմնականում վարկավորվում է խոշոր բիզնեսը / Ուկրաինա/: 

2. Մեր առաջարկներն այս ոլորտում արտացոլված են ՀԱԿ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում, որը ՀԿ կողմից ընդունված ծրագրից արմատապես տարբեր է։ Մասնավորապես, այնտեղ եթե գործավորը որոշում է կայացնում կուտակել, ապա դրա դիմաց հավասար ներդրումը կատարում է գործատուն (պետությունը կամ մասնավոր սեկտորը)։ Այդ վճարները գործատուի կողմից մտցվում են ինքնարժեքի մեջ։ Մուծումները կամավոր են, ինչը թույլ կտա կուտակային ֆոնդերի աճը համահունչ դարձնել երկրի տնտեսական աճին։ Կենսաթոշակային ֆոնդերը (ֆոնդը) ձևավորվում են պետության մասնակցությամբ։ Այս փուլում հրաժարվում ենք կառավարիչ ֆոնդերի տարբերակից։ Դրանց ակտիվները սկզբնական շրջանում օրենքով բացառապես պետական բյուջեից երաշխավորվող ենթակառուցվածքային ներդրումներն են։

3. ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող այս կարգի ֆինանսական բարեփոխումները (ԱՊՊԱ, սոցիալական ապահովության փաթեթ, կուտակային պարտադիր կենսաթոշակներ և այլն) կառավարությանը թույլ են տալիս այսօր ապահովել ՀՆԱ լրացուցիչ փուչիկային աճ։ Այսօրվա կառավարությունը դրանով խաբում է ինչպես հասարակությանը, այնպես էլ ԱԺ-ին։ Նա չի ուզում մտածել, թե ինչ աղետ կարող է պատահել մի 10 տարի հետո։

4. Հետաքրքիր է, որ այս նոր փոփոխություններով դեպի կենսաթոշակային կառավարման գործ կառավարությունը կանաչ ճանապարհ է բացում բանկերի առջև։ Ե՞րբ են դրանք հասկանալու, որ բանկերը բանկային գործունեության համար են։ Վերջին 10 տարիներին նրանց են տրվել ֆոնդային բորսայի, ապահովագրության կառավարման գործառույթները։ Նրանք անում են ամեն ինչ, բացի իրենց հիմնական տնտեսական գործից՝ երկրի տնտեսության զարգացման ֆինանսավարումից։ Վերջին տարիներին, օրինակ, սղաճը պակասել է 4 անգամ (ամեն օր կառավարությունը գլուխ է գովում), իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է նույնը։ Թվում է, որ կառավարությունը մտածում է միայն այն մասին, թե ինչպես եկամուտներ գեներացնի բանկերի համար։ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ բանկերի մասին; 

5. Կոչ ենք անում պարզապես չեղյալ հայտարարել 2010-2011թթ. ընդունված, այսպես կոչված, կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենսդրական փաթեթը։ Դրանով պետական ու սոցիալական կենսաթոշակների դերը պակասեցվելու է, իսկ կուտակային ֆոնդերը այդպես էլ չեն աշխատելու և երկիրը հասցնելու են աղետի։

6. Ինչու պետք է բանավիճենք՝ ներդրած փողը /վճարը՝ 5%/ ենթակա է վերանայման, թե ոչ: 

7. Մերձբալթիկայի փորձն անտեղի է.
— ՀՆԱ 14-18 հազ. դոլար
-Եվրոյի առկայությունը
-Ֆինանսական միջնորդության եվրոպական շուկայի առկայությունը:

8.Ներդրումների նկատմամբ պետական երաշխիքների բացակայությունը:

9. Ասվում է՝ կփոխհատուցենք առնվազն: Բայց 23 տարի փող ենք տվել, որ ի վերջո փոխհատուցվե՞նք: Բա ո՞վ պետք է փոխհատուցի կորսված հնարավորությունները»:

Նախորդ հոդվածը‘Քանաքեռ-Զեյթունի ղեկավար Արայիկ Քոթանջյանն ազատեցվեց պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն իր քաղաքացիներին` զգոն եղեք ‘