‘
«Լսելով ինքնախեղումների մասին ձեր կողմից հնչած գնահատականը՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք շարունակում ենք դա համարել նորմալ երևույթ»,- քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովամսյանին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նախարարը բարկացած ընդհատեց պատգամավորին.
«Հարցն արդեն տասնյակ անգամ եք ձևակերպում, պետք չէ, տեսախցիկներ տեսնելով՝ այստեղ տասնյակ անգամ կրկնել»:
Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ որևէ մեկը շոու չի կազմակերպում, և ինքնախեղման դեպքերն առաջին հերթին նախարարի համար պետք է աննորմալ երևույթ լինեին և ոչ թե «բանտային ռիտուալի մաս»:
Հրայր Թովմասյանը հակադարձեց.
«Եթե լրագրողը համատեքստից մի բառ որոշում է դուրս հանել և դրա կողքին սենսացիա սարքել, ինձ համար ընդունելի չէ, բայց կարող եմ հասկանալ, բայց եթե դա անում է պատգամավորը, անում է որոշակի հավակնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը, ապա ինձ համար ոչ հասկանալի է, ոչ էլ ընդունելի:
Եթե որոշ մարդկանց մոտ թյուրընկալում է, ապա կրկնում եմ, երևույթը երբևէ չի կարող որևէ մարդու համար նորմալ լինել: Ես ասել եմ, որ կան մարդիկ, որոնց համար ինքնախեղումը սովորական է, եթե ունեք ցանկություն, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել…»
Նաիրա Զոհրաբյանն ընդհատեց նախարարին.
«Մենք բազմաթիվ մարդկանց ենք տեսել, և որևէ մեկի համար դա սովորական չի եղել…»
Հրայր Թովմասյանն էլ հիշեցրեց, որ ինքը հյուր է, և խնդրեց Ն. Զոհրաբյանին՝ փորձել իրեն պահել ինչպես տանտերը, այսինքն՝ երբ հյուրը խոսում է, չընդհատել.
«Դուք փորձում եք խեղաթյուրել փաստերը»,- արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հրայր Թովմասյանը դժգոհեց, որ իրեն հնարավորություն չի տրվում պատասխանելու հարցերին, և շարունակեց.
«Խոսքը վերաբերել է մեկ-երկու անձանց, որոնց բերանին առկա են անցքեր, իսկ ընդհանրապես այդ երևույթը որևէ մեկի համար չի կարող նորմալ լինել, առավել ևս՝ արդարադատության նախարարի»:
‘