‘
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ազատամարտիկի ընտանիքի անդամներն տեղեկացրել են, որ ոչ մի լուր չունեն Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու պատճառների և նրա գտնվելու վայրի մասին:
Ընտանիքի անդամներն ու այլ ազատամարտիկներ քիչ առաջ հավաքվել էին Ազատության հրապարակում:
Նրանք նաև հայտնել են, որ երեկ երեկոյան ժամը 22.00-ի մոտ քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց ներկայանալու ձերբակալել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:
‘