‘Ձերբակալվել է Արիֆ Յունուսը, նրա տիկնոջ առողջական վիճակը վատացել է’

714

Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսն այսօր ձերբակալվել է այն պահին, երբ հանձնուք էր տանում Բաքվի քննչական մեկուսարանում օրեր առաջ կալանքի վերցրած իր տիկնոջը՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսին, հաղորդել է Turan-ը՝ հղում անելով փաստաբանին՝ Հալիդ Բաղիրովին:

Սկզբում Արիֆ Յունուսին տեղափոխել են շրջանային ոստիկանության բաժին: Այնուհետև փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին տարել են գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչություն՝ քննիչ Իբրահիմ Լեմբերանսկու մոտ:

Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ իր պաշտպանյալին նույնպես կձերբակալեն:

Haqqin-ի փոխանցմամբ՝ փաստաբանը հայտնել է, որ այնուհետև Արիֆ Յունուսին տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցն ընտրելու նպատակով:

Մինչդեռ զգալիորեն վատացել է նրա տիկնոջ` Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի առողջական վիճակը: Օգոստոսի 4-ին նրան այցելած փաստաբան Ջավադ Ջավադովը հաղորդել է, որ սուր շաքարախտի հետևանքով նրա տեսողությունն զգալիորեն վատացել է և նա բժշկի վերահսկողության կարիք ունի, ինչից մեկուսարանում զրկված է, հիվանդության հետևանքով թմրում են նրա ձեռքերի մատները: Ջավադովը նաև հաղորդել է, որ շաբաթվա վերջին սպասվում է Յունուսի կալանքի վերաբերյալ գանգատի քննությունը:

Լեյլա Յունուսը ձերբակալվել է հուլիսի 30-ին` պետական դավաճանության և մի շարք այլ հանցագործությունների համար մեղադրանքով: Մեղադրանք է առաջադրվել նաև նրա ամուսնուն:

Նախորդ հոդվածը‘Ծովինար Նազարյան. Պատերազմը սարքել եք ՀՀԿ-ի փիառ’
Հաջորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Կարեն Շահինյանի մահվան առթիվ ‘