‘
Կահիրեում ձերբակալվել է իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդ Մոհամեդ Բադին, օգոստոսի 20-ի գիշերը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Եգիպտոսի պետական հեռուստատեսությանը: Եգիպտոսի իշխանությունները Բադիին և նրա ութ զինակիցներին ձերբակալելու օրդեր էին տվել դեռևս հուլիսի 24-ին, սակայն նա այս ամբողջ ընթացքում թաքնվում էր իշխանություններից և ձերբակալվել է Կահիրեում վարձած մի բնակարանում: Բադին մեղադրվում է իսլամիստների բողոքի ցույցերի ընթացքում բռնություններ հրահրելու մեջ: Մի քանի օր առաջ Մոհամեդ Բադիի 38-ամյա որդին սպանվել էր բախումների ժամանակ:
«Մուսուլման եղբայրներ» շարժումը հանդես է գալիս ի պաշտպանություն Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի, որն իշխանության էր եկել հենց «Մուսուլման եղբայրների» աջակցությամբ: Հուլիսի 3-ին Մուրսիի գահընկեցությունից հետո շարժման ներկայացուցիչները հրաժարվեցին համագործակցել ժամանակավոր կառավարության հետ և հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են՝ օրինական ընտրված նախագահին իշխանության վերադարձնելու համար, փոխանցում է lenta.ru-ն:
‘