‘Ձեր ծախվելը ժողովրդի վրա մի ծախեք’

3371

Ձեզ էնքան կծեծեն դալաններում,

որ դուք կարտագաղթեք, տղերք:

Վահան Հովհաննիսյան

Ու էլի ծախվողների լափը պակասել է, ու էլի հարկն է, որ հիմնավոր պատճառներ բերեն իրենց դավաճանության համար: Չդավաճանողը հիմնավորումների ու պատճառաբանությունների կարիքը չունի, եթե ինքն իրավացի է, վաղ թե ուշ` բոլորը կտեսնեն ու կհամոզվեն: Պատճառաբանությունները բերում են միայն նրանք, ովքեր միշտ էլ ընդունակ են դավաճանության, եւ հատկապես` երբ գնացել կամ արդեն գնում են այդ քայլին: Էս ժողովուրդը ճոռոմ բառեր շատ է լսել, հուզախառն լոլոներ, որոնք միշտ նախորդել են ծախվելուն, ու հատկապես հոգնել է, երբ իր անունից են դավաճանում, իր լավի համար, իբր: Էնպես չի, որ դրան ընդունակներին անուն առ անուն ու դեմքով չի ճանաչում ժողովուրդը, եւ հենց այստեղ էլ ամբողջ զավեշտն է: Ժողովուրդը գիտի արդեն`ումից ինչ ակնկալի, իսկ նրանք իրենց հայտնի կենդանու տեղն են դրել ու ասում են` անձրեւ է գալիս:

Ու հույս ունեն, որ ամեն անգամ կարող են մարսել, չնայած, թերեւս, արդեն հույս էլ չունեն, նրանք ուղղակի չտեսնելու են տալիս իրականությունը՝ կարծելով, որ եթե իրենք չտեսնելու տան, իրենց իրական կերպն էլ չտեսնված կմնա: Այնինչ, ամեն ինչ այնքան պարզ է, որ ոչ բացատրությունների կարիք կա, ոչ հիմնավորումների, ամեն ինչ այնքան պարզ է, որքան սեւն ու սպիտակը:

Կոալիցիա կազմելու մորմոքով` կզել են, եւ հույս ունեն իրենց էդ ստորացումը ծախել ժողովրդի վրա: Իբր՝ ինչ անում` ձեզ համար ենք անում: Բայց առնող չկա: Չարիքի ձեռքը սեղմելով եւ նրա հետ դաշն կնքելով`չարիքի զոհերի առաջ արդարանալն արդեն ցինիզմ էլ չի, կապիկություն է: Հարկ չկա ժողովրդին միամիտի տեղ դնել եւ կամ հուսալ, թե եթե նրա վիճակն անելանելության սահմանին է հասել, ուրեմն՝ կարող է դառնալ միամիտ, ու հետեւաբար՝ դեմ կտա իր ականջները` դրանց վրա «լապշա» կախելու համար: Անելանելությունից մարդը միամիտ չի դառնում, զգուշավոր` գուցե, բայց երբեք ոչ միամիտ: Անելանելիության մեջ գտնվողը դեռ կռիվ կտա, ինչքան ուժերը կներեն, եթե ոչ՝ կթողի կգնա, բայց կուտ չի ուտի: Ու ինքը բոլորից լավ գիտե` ում խոսքը քանի գրոշ արժե, ում խոսքին կարելի է հավատալ, իսկ ում` ոչ:

Իրականությունը պարզ է, ինչպես մի կաթիլ ջուրը, ու կասկած չկա, որովհետեւ աշխարհի դրվածքն է էդպիսին, էս կապիկությանն էլ մի օր վերջ կգա, բա հետո՞: Դուք, որ հիմա հետոյի մասին չեք մտածում, ի՞նչ եք ասելու մարդկանց, ինչպե՞ս եք նայելու նրանց աչքերին, մնալո՞ւ եք էս երկրում, ու ոնց, ո՞նց եք բացատրելու, թե ինչու գնացիք ու չոքեցիք չարիքի դռանը, նրան նոր կյանք տվեցինք ու դարձաք նրա դաշնակիցները: Հատկապես, որ այդ հետոն կարող է շատ ավելի շուտ գալ, քան կհասցնեք վերջ տալ ձեզ նետված ոսկորների վերջին փշրանքները: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ-ն ոչնչացրել է քրիստոնեական հնագույն վանքն Իրաքում’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Այսօր արձանագրվել է մահվան եւս 2 դեպք’