‘Ղազախստանը ԵԱՀԿ ԽՎ-ին հրավիրել է դիտարկելու նախագահական ընտրությունները’

742

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը և Դեմոկրատիայի ու մարդու իրավունքների գրասենյակը հրավիրվել են դիտարկելու Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է երկրի ԱԳՆ մամլո ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:

Մամլո ծառայության տվյալներով՝ Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրատ Սարիբայը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստում և հայտարարել, թե Ղազախստանը պարտավորվում է անցկացնել ընտրական օրենսգրքով նախատեսված թափանցիկ և արդար ընտրություններ և մեծ նշանակություն է տալիս միջազգային դիտորդական առաքելությունների գործունեությանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փետրվարի 25-ին հրամանագիր է ստորագրել՝ ապրիլի 26-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ընտրական գործընթաց անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանի ժողովրդի ասամբլեան, ինչը հետագայում պաշտպանել են նաև երկրի խորհրդարանը և մի շարք խոշոր քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2011 թ. արտահերթ նախագահական ընտրություններում Ղազախստանի գործող նախագահը ստացել է ընտրողների 95,55 %-ի քվեն: Ղազախստանում հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2016 թ.:

Նախորդ հոդվածը‘Ոչ առեւտրային դրամական փոխանցումները գրեթե կեսով նվազել են. Դրամին ծանր օրեր են սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’