Այն լուրը, թե Ղազախստանում սահմանադրական հանրաքվեն ամրագրելու է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը, իրականությանը չի համապատասխանում, հաղորդել է Stopfake կայքը, որն ստեղծվել է Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարարության աջակցությամբ, ոչ հավաստի լրատվության դեմ պայքարելու նպատակով։
Սոցցանցերում հայտնվող նույնպիսի պնդումները հերքել է նաև արդարադատության նախարարությունը։ «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նոր երաշխիքներ չի նախատեսում Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի և նրա ընտանիքի համար։ Ընդհակառակը, օրենքի նախագիծն առաջարկում է չեղարկել առաջին նախագահի կարգավիճակի վերաբերյալ բոլոր նորմերը»,- հայտարարել են նախարարությունում։
Ապրիլի 29-ին հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի ազգային ժողովի նիստում առաջարկել է հանրաքվե անցկացնել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցով։ Ըստ այդմ՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն մեծանում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը։ Համակարգված կերպով ուժեղացվում է իրավապաշտպան ոլորտը, վերականգնվում է Սահմանադրական դատարանը, ամրագրվում է մահապատժի վերջնական չեղարկումը, և հանվում են երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի կարգավիճակի վերաբերյալ դրույթները։
Փոխանցում է tass.ru-ն։