‘Ղազախստանում մտադիր են «նազարբաեւագիտության» դասընթաց մշակել’

752

Ղազախստանում մտադիր են «նազարբաեւագիտության» կուրս մշակել: Նման առաջարկով, ինչպես գրում է «Հարավային Ղազախստան» պարբերականը, հանդես է եկել տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Նուրալի Ուտկելբաեւը:

Մեկնաբանելով իր առաջարկությունը, նա նշել է, որ անփոխարինելի նախագահի ստեղծագործությունները՝ զեկույցներ, ուղերձներ, հոդվածներ եւ գրքեր, շուրջ 100 հատոր են կազմում: Ուտկելբաեւի կարծիքով, այդ ժառանգությունը պետք է ուսումնասիրել համակարգված ձեւով, դրա համար էլ անհրաժեշտ է կուրս մշակել:

Ուտկելբաեւն արդեն մշակել է դասընթացի թեմատիկան եւ ներկայացրել է այն կրթության նախարարություն: Մինչդեռ, նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ «նազարբաեւագիտության»  դասընթացներ առայժմ նախատեսված չեն ոչ դպրոցներում, ոչ էլ բուհերում:

Նուրսուլթան Նազարբաեւը  անկախ Ղազախստանի միակ նախագահն է: Մինչ ԽՍՀՄ փլուզումը նա զբաղեցրել է Ղազախական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղաքրի պաշտոնը:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը. Վարչության նիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Հանրային խորհրդում քննարկվող հարցերը Սերժ Սարգսյանի խնդիրը չեն’