‘
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը օրեր առաջ որոշում է կայացրել դադարեցնել կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի անդամակցությունը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը: Ղուկաս Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Պետրոս Մակեյանը հեռացրել է իրենց կուսակցությունից՝ մտավախություն ունենալով, որ կբարձրաձայնեն իր յուրացրած գումարների մասին:
«Հետո շրջանառության մեջ դրեց այլ բան, որ մենք ուղղորդվում ենք Լևոն Զուրաբյանի կողմից, կատարել ենք Լևոն Զուրաբյանի պատվերները: 2006 թվականին ո՛չ Լևոն Զուրաբյան կար, ո՛չ ՀԱԿ կար, ո՛չ շարժում կար, դա ի՞նչ կապ ունի երեք տարով պայմանագիր կնքելու, շահույթ ստանալու, հետո դատական պրոցեսների ընթացքում գրասենյակից զրկվելու հետ»,- ասաց Մեհրաբյանը:
Կուսակցության քաղխորհրդի կայացրած որոշման մեջ նշվում է նաև, որ Մեհրաբյանը և Գևորգյանը, կեղծելով փաստերը, ներկայանում են որպես կուսակցության հիմնադիր անդամներ: Մինչդեռ Մեհրաբյանի համոզմամբ՝ կուսակցության հիմնադիր անդամներ համարվում են նրանք, ովքեր մասնակցել են հիմնադիր ժողովին:
‘