‘Ղրիմը եւ ռուբլու արժեզրկումը բացասաբար կանդրադառնան ՀՀ տնտեսության վրա. Նախարար’

239

Ուկրաինայում ընթացող իրադարձությունները եւ դրա հետ կապված ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասաբար անդրադառնալ հայկական տնտեսության վրա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Առաջին հերթին, դա վերաբերում է տրանսֆերտներին, քանի որ արժեզրկված ռուբլու դեպքում մենք ավելի քիչ տրանսֆերտներ ենք ստանում: Երկրորդը` մենք կարող ենք արտահանման հետ կապված խնդիրներ ունենալ, քանի որ ռուբլու արժեզրկումը չի նպաստում արտահանմանը», — ասել է Ավանեսյանը:

Նախարարը նշել է նաեւ, որ իր գլխավորած նախարարությունը կուսումնասիրի ստեղծված իրավիճակը: «Մենք պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի հետեւանքները Հայաստանի տնտեսության վրա երկարաժամկետ հեռանկարում: Եթե ռուսաստանյան արժույթի հետ կապված վիճակը կարճաժամկետ բնույթ է կրում, մենք իմաստ չենք տեսնում էական փոփոխություններ մտցնել տնտեսական զարգացման քաղաքականության մեջ, բայց եթե խնդիրը երկարաժամկետ դառնա, մենք անպայման պետք է մեր քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնենք», — ամփոփել է Ավանեսյանը:  

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր ռազմական կոնֆլիկտի մտահոգությունների ֆոնին ռուսական ռուբլին մարտի 3-ին պատմական նվազագույն արդյունք է գրանցել դոլարի ու եվրոյի նկատմամբ: Դա նաեւ ազդեց ռուբլու փոխարժեքի վրա ՀՀ դրամի նկատմամբ: ՀՀ ԿԲ տվյալներով, մարտի 3-ին դրամի փոխարժեքը ռուբլու նկատմամբ կազմել է 11,33 դր/ռ., փետրվարի 28-ի  համեմատությամբ նվազելով 0,11 կետով:  

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը ռուսաստանյան իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար. Ողջ աշխարհը միավորվել է Ուկրաինայի պաշտպանության շուրջ’