‘Ղրղզստանը ու ևս վեց երկրներ զրկվել են ՄԱԿ-ի ԳԱ-ում ձայնի իրավունքից’

980

Ղրղզստանը ու ևս վեց երկրներ ժամանակավորապես զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունից՝ միջազգային կազմակերպության աշխատանքների ֆինանսավորման համար անհրաժեշտ անդամավճարների պարտքի պատճառով: Այդ մասին չորեքշաբթի ТАСС-ի թղթակցին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Ներկա պահին յոթ անդամ երկրներ չեն կարող քվեարկել Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում: Այդ երկրներն են՝ Գրենադան, Ղրղզստանը, Մարշալի կղզիները, նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունը, Տոնգան, Վանուատուն և Եմենը»,- ասել է նա: Դյուժարիկը նշել է, որ մի քանի օր առաջ այդ ցուցակից հանվել է Ռուանդան, որն ամբողջությամբ կատարել է անհրաժեշտ վճարումը:

Միավորված ազգերի կազմակերպության կանոնագրքի 19 հոդվածի համաձայն՝ անդամ երկիրը «զրկվում է Գերագույն ասամբլեայում ձայնի իրավունքից, եթե նրա պարտքը հավասարվում կամ գերազանցում է նախորդ երկու տարիներին նրա վճարած անդամավճարների չափը»: Դյուժարիկի խոսքով՝ հունվարի 28-ի դրությամբ այդ հոդվածի տակ են ընկնում, ընդհանուր առմամբ՝ 11 պետություններ: Բացի վերը թվարկվածներից՝ դրանք են նաև Կոմորյան կղզիները, Գվինեա-Բիսաուն, Սան-Տոմեն և Պրինսիպին, ինչպես նաև Սոմալին: Սակայն այս երկրներին բացառության կարգով ժամանակ է տրվել՝ վճարումները կատարել մինչև ԳԱ 69-րդ նստաշրջանի ավարտը, այսինքն՝ մինչև 2015 թ, սեպտեմբերի կեսերը:

Հունվարի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նամակ է հղել Գլխավոր ասամբլեայի նախագահ Սեմ Կուտեսային, ըստ որի՝ մասնավորապես՝ Ղրղզստանը ձայնի իրավունքը վերականգնելու համար պետք է վճարի 6731 դոլար: Ամենամեծ պարտքը Սոմալիին է՝ 1,2 մլն դոլար: Այնուհետև գալիս են՝ Կոմորյան կղզիները՝ 862 հազար, Սան-Տոմեն և Պրինսիպին՝ 805 հազար և Գվինեա-Բիսաուն՝ 373 հազար դոլար:

Նախորդ հոդվածը‘Human Rights Watch-ն անդրադարձել է iLur.am-ի ու «Հրապարակի» դեմ դատավճիռներին ‘
Հաջորդ հոդվածը‘Human Rights Watch. Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները’