‘Ղրղզստանից փախած վարչապետը փոխել է անունը և հայտնվել Բելառուսում’

2050

Մինսկի մերձակայքում գործարկվող խոշոր գյուղատնտեսական նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ Ղրղզստանում ցմահ ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Դանիյար Ուսենովին նման մի մարդ ուրբաթ օրը ելույթ է ունեցել ուրիշ ազգանվամբ:

Երկուշաբթի Ղրղզստանի դատախազությունը հայտարարել է, որ կշարունակի աշխատանքը՝ Ուսենովի արտահանձնմանը հասնելու ուղղությամբ, որն իր «անկետային տվյալները փոխել է ու դարձել Ուրիցկի Դ.Տ.»:

Բիշքեկը պնդում է, որ «Բելառուսական ազգային կենսատեխնոլոգիական ընկերություն» ՓԲԸ-ի տնօրեն Դանիիլ Ուրիցկին Ղրղզստանի նախկին վարչապետ Դանիյար Ուսենովն է, որը հետախուզվում է հայրենիքում: Քաղաքական գործչի նախկին կինն արդեն լրագրողներին հայտնել է, որ գյուղատնտեսական նախագծի մեկնարկի արարողության վերաբերյալ տարածված լուսանկարներում հենց Ուսենովն է:

Դանիյար Ուսենովը հայրենիքից փախել է 2010 թ. հակակառավարական ցույցերից հետո, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 89 մարդ, վիրավորվել առնվազն մեկուկես հազար հոգի: Ուսենովը Ղրղզստանում հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և սպանության հանցակցության մեղադրանքներով: Նույն գործով ցմահ ազատազրկման պատժաժամկետ է ստացել նաև Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, որն իր իշխանության տապալումից հետո նույնպես ապաստանել է Մինսկում և ստացել բելառուսական անձնագիր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության հերթական բացահայտումը. 31․000․000 դրամի վնաս պետության և քաղաքացիների օրինական շահերին’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում’