‘Ղրղզստանի ԱԳՆ-ն Բելառուսից բացատրություններ է պահանջում’

833

Պաշտոնական Բիշքեկը բացատրություններ է պահանջում Բելառուսից՝ հայրենիքում առավելագույն պատժաչափի դատապարտված նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին Ժողովուրդների բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին տեղեկատվության առիթով, ասվում է Ղրղզստանի ԱԳՆ-ի՝ այսօր տարածված մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է մամլո ծառայությունը, Ղրղզստանի ԱԳՆ է հրավիրվել Բելառուսի դեսպան Վիկտոր Դենիսենկոն: Ղրղզստանի ԱԳՆ-ն խնդրել է ներկայացնել  այդ տեղեկության պաշտոնական բացատրությունը: Դեսպանը խոստացել է « ամենասեղմ ժամկետում նախարարությանը տեղեկացնել բարձրացված հարցի մասին՝ ըստ էության»:

Բակիևի և նրա ընտանիքի անդամների ապաստանելը Մինսկում ցավոտ թեմա է Ղրղզստանի և Բելառուսի փոխհարաբերություններում: Ղրղզստանի իրավապահ մարմինները բազմիցս դիմել են իրենց բելառուս գործընկերներին՝ նախկին նախագահին հանձնելու պահանջով, որպեսզի նա կանգնի արդարադատության առջև:

Բիշքեկի դատարանը Բակիևին և նրա հարազատ եղբորը՝ Ժանիշ Բակիևին, որը եղել է պետական պահպանության ծառայության ղեկավարը, հեռակա դատապարտել է առավելագույն պատժի՝ ցմահ ազատազրկման՝ Բիշքեկի կենտրոնական հրապարակում ցուցարարների զանգվածային սպանության մեղադրանքով՝ 2010 թ. ապրիլին, երբ սպանվեց 77 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվեց: Բացի այդ, նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել նաև մի շարք պատվիրովի սպանությունների մեջ, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեդետ Սադիրկուլովի, նրա վարորդի, ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի նախկին տնօրեն Սերգեյ Սլեպչենկոյի, ինչպես նաև՝ բրիտանական լեռնարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ, ԱՄՆ քաղաքացի Շոն Դեյլիի սպանությունները: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի ԱԳՆ. Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ ստատուս-քվոն ուժով փոխելու փորձ է’
Հաջորդ հոդվածը‘Հետազոտություն. Յուրաքանչյուր 35-րդ լոնդոնցի միլիոնատեր է’