‘
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ծրագրել է իր հոբելյանի առթիվ, որպես նվեր՝ հարազատներին ու մտերիմներին, թողարկել իր հեղինակած երգերի սկավառակները՝ ռուսերեն և ղրղզերեն, իր իսկ կատարմամբ, հինգշաբթի Интерфакс-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ արդեն ձայնագրվել է հինգ երգ՝ ռուսերեն: Ձայնագրությունը կատարվել է հենց պետության ղեկավարի գրասենյակում, դրա վրա Աթամբաևը ծախսել է մեկ ժամ:
«Արձակուրդի ընթացքում նախագահը ծրագրել է ձայնագրել ևս հինգ երգ՝ ղրղզերեն»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Նա նաև տեղեկացրել է, որ Աթամբաևի վաղեմի բարեկամը՝ կինոռեժիսոր Ֆուրքաթ Թուրսունովը, որոշել է սովետական հին ֆիլմերից տեսաերիզներ մոնտաժել երգերին և պատրաստ լինելուն պես՝ դրանք տեղադրել համացանցում:
Մամլո ծառայության աշխատակիցը հիշեցրել է, որ 2011 թ. վեցամյա ժամկետով նախագահ ընտրված Աթամբաևը բազմիցս հայտարարել է, որ 2017 թ. պետության նոր ղեկավարի ընտրություններից հետո մտադիր չէ որևէ պաշտոն զբաղեցնել և ամբողջովին կնվիրվի ստեղծագործական աշխատանքին:
2016 թ. սեպտեմբերի 17-ին Ալմազբեկ Աթամբաևը դառնում է 60 տարեկան: Փոխանցում է interfax-ը:
‘