‘
Ղրղզստանի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ նախագահի պաշտոնի թեկնածուների կողմից պետական լեզվին տիրապետելու մակարդակը որոշվելու է «Ղրղզթեստ» համակարգով, երեքշաբթի Интерфакс-ին հաղորդել են կառավարությունից:
Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ թեստավորումը անցկացնելու է փորձագետների հանձնաժողովը, որը կձևավորվի պետական լեզվի զարգացման բնագավառում լիազոր պետական մարմնի կողմից: Թեստը հանձնելու ողջ ընթացքը ավտոմատացված է, որպեսզի գնահատելիս բացառվի մարդկային գործոնը:
Նախագահի ընտրության վերաբերյալ օրենքի համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդները պետք է տիրապետեն պետական լեզվին «միջինից բարձր» մակարդակով: Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ նախագահի թեկնածուների համար թեստն անցնելու ժամանակացույցը կհաստատի ԿԸՀ-ն հուլիսի 31-ին, երբ կավարտվի թեկնածուների առաջադրման ժամկետը:
Ղրղզստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին: 2011 թ. հոկտեմբերին ընտրված նախագահ Ատամբաևի ժամկետն սպառվում է 2017 թ. դեկտեմբերի 1-ին, և ըստ սահմանադրության՝ նա չի կարող կրկին առաջադրվել:
Փոխանցում է Interfax-ը:
‘