‘«Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ընկերությունները Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ամենաարդյունավետ մասնակիցներն են’

1263

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն մասնակիցները 2012 թվականի գործունեության արդյունքներով ապահովել են 15.1 մլրդ դրամի շահույթ, ինչն ավելի քան 2 անգամ ցածր է 2011 թվականի ցուցանիշից:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` հեռահաղորդակցության ոլորտում ամենաարդյունավետ գործունեությունը ծավալել են կապի օպերատորները` «Ղ-Տելեկոմ» (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ) և «ԱրմենՏել» (BeeLine ապրանքանիշ) ընկերությունները:

Ըստ ընկերությունների ֆինանսական վիճակի վերլուծությունների՝ ակտիվների ամենամեծ շահութաբերությունն (ROI) ապահովել է «Ղ-Տելեկոմ» ընկերությունը` 17.36%: Ընդ որում՝ ընկերությունն այս ցուցանիշի բարձր արդյունքներ է ցուցադրում վերջին 4 տարիներին: Զուտ եկամտաբերության գծով (EBITA) ընկերությունները վերջին 3 տարիներին պահպանում են առաջատարի դիրքերը, իսկ օպերատիվ եկամտաբերության գծով, որը ցույց է տալիս, թե որքան շահույթ է ստանում ընկերությունն առանց արտադրական ծախսերի, «Ղ-Տելեկոմը» պահպանում է առաջատարի դիրքերը: Ընդ որում՝ տարբերությունը (ընդամենը 4 մլրդ դրամ) զուտ և համախառն եկամտաբերությունների միջև (EBIT) խոսում է ցածր ոչ արտադրական ծախսերի մասին և, հետևաբար, վկայում է արդյունավետ կառավարման մասին: Ընկերության գործառնական շահույթը 2012 թվականին կազմել է 22.1 մլրդ դրամ (54.7 մլն դոլար). իսկ զուտ շահույթը` 18.2 մլրդ դրամ (45 մլն դոլար): Ընկերության հասույթը կազմել է 83.1 մլրդ դրամ:

Արդյունավետության բարձր ցուցանիշներ է գրանցել նաև «ԱրմենՏելը»: Ըստ ԱրմԻնֆո-ի վերլուծության՝ ընկերությունն ապահովել է ակտիվների 4.53% եկամատաբերություն (ROI), մեկ տարում այս ցուցանիշը նվազեցնելով աննշան` 0.38%-ով, չբաշխված շահույթի 1% անկման և ակտիվների 7% աճի հաշվին: 2012 թվականի 8.99% զուտ եկամտաբերության (EBITA) ցուցանիշն աճել է 0.83 կետով, իսկ գործառնական շահույթը` է 0.18%, կազմելով 12.13%, պահպանելով այս ցուցանիշը վերջին 3 տարիներին: Ի դեպ, ընկերության գործունեության բարձր արդյունավետության մասին են խոսում բավականին ցածր ոչ արտադրական ծախսերը: Ըստ ընկերության հաշվետվության, զուտ գործառնական ծախսերը կազմել են 14 մլրդ դրամ, որից 40.7%-ը կազմել են վարչական, իսկ 34.9%-ը` իրացման ծախսերը, ինչի արդյունքում գործառնական եկամուտը կազմել է 5.8 մլրդ դրամ (14.4 մլն դոլար): Ոչ գործառնական գործունեությունից ունենալով էական եկամուտ, ընկերությունն ապահովել է 5.7 մլրդ դրամի (14.1 մլն դոլարի) զուտ շահույթ: Ընկերության հասույթը կազմել է 63.3 մլրդ դրամ:

Ակտիվների բացասական շահութաբերություն (ROI) են 2012 թվականին ապահովել «Օրանժ-Արմենիա» (-17.6%) և «Յուքոմ» (-1.17%) ընկերությունները:

«Օրանժ-Արմենիա» ( Orange ապրանքանիշ) ընկերության պարագայում դա հիմնականում պայմանավորված է եղել գործառնական բարձր ծախսերով (22.8 մլրդ դրամ), այդ թվում` վարչական ծախսերով (8.8 մլրդ դրամ), ինչն արդյունքում բերել է 8.6 մլրդ դրամի (21.3 մլն դոլարի) վնասի: Բավականին բարձր գործառնական ծախսերը զգալի բացասական ցուցանիշ են ապահովել զուտ եկամտաբերության (EBITA) գծով, որը կազմել է 42.5%, ընդ որում, չնայած այն բանին, որ ընկերությունն ապահովել է 16.8 մլրդ դրամի համախառն շահույթ (տարեկան աճը` 5.2 անգամ), ինչի շնորհիվ տարեկան համախառն եկամտաբերության ցուցանիշը (EBIT) եղել է բավականին բարձր — 83.14%: Այս երկու ցուցանիշների միջև էական տարբերությունը բացատրվում է ոչ այնքան ինքնարժեքի նկատմամբ հասույթի գերազանցությունով, որքան գործառնական շատ բարձր ծախսերով (իրացման ծախսերով, վարչական ծախսերով և այլ ծախսերով): Սակայն տարեկան կտրվածքով «Օրանժ-Արմենիա» ընկերությանը հաջողվել է որոշ չափով կրճատել վնասը, որը 2011 թվականին եղել է բավականին բարձր, կազմելով 62.3 մլրդ դրամ, ինչը հիմնականում կապված է եղել 43.2 մլրդ դրամի հիմնական միջոցների վերագնահատման հետ: Ընկերության հասույթը կազմել է 20.2 մլրդ դրամ:

Շուկայի մյուս խոշոր մասնակիցը` «Յուքոմ» ( Ucom ապրանքանիշ) ընկերությունը 2012 թվականին վնասը կրճատել է 67.%-ով, մինչև 178 մլն դրամ (441 հազ դոլար), հիմնականում հասույթի նշանակալից` 2.4 անգամ աճի և վաճառքի ինքնարժեքի 34.6% կրճատման հաշվին: Դա ընկերությանը հնարավորություն է տվել ապահովելու 5.1 մլրդ. դրամի համախառն շահույթ և ապահովել 98.54% համախառն եկամտաբերություն (EBIT), 3.87 կետով գերազանցելով 2011 թվականի ցուցանիշը: Չնայած գործառնական բարձր ծախսերին (4.2 մլրդ դրամ), ընկերությունը կարող էր 2012 թվականը եզրափակել շահույթով, եթե չմեծացներ ֆինանսական ծախսերը, որոնք կազմեցին 956.4 մլն դրամ: Արդյունքում, ընկերության գործառնական եկամտաբերությունը կազմել է մինուս` 1.71%, ինչն առաջացրել է մինուսային` 3.47% զուտ եկամտաբերության (EBITA), բայց տարեկան էական` 25.35 կետի բարելավումով: Ընկերության հասույթը կազմել է 5.1 մլրդ դրամ:

Ինչպես նշում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հիմնական մասնակիցները, չնայած այդ ընկերությունների կողմից բոլորովին վերջերս շուկա դուրս գալուն և վնասաբերությանը, այնուամայնիվ, Հայաստանի տնտեսության առևտրա-սպասարկման մյուս հատվածների համեմատ իրենց հիմնական ցուցանիշներով ապահովում եկամտաբերության ամենաբարձր սահմանագիծը, քանի որ ոլորտի յուրահատկությունը ենթադրում է վաճառքների ինքնարժեքի նկատմամբ հասույթի զգալի գերակշռություն: Շուկայի 4 հիմնական մասնակիցների ընդհանուր հասույթը (առանց վերջերս շուկա դուրս եկած «Ռոստելեկոմի») կազմել է 171.7 մլրդ դրամ, իսկ ինքնարժեքը` 107.9 մլրդ դրամ: 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը կհրապարակվի ժամը 14:00’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում’