‘Ճամբարակցի Սահակ Սահակյանի բուծած ջայլամները լիովին ընտելացել են տեղանքին’

968

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ Սահակ Սահակյանը մարզի պատմության մեջ առաջին անգամ 2010 թվականի օգոստոսից սկիզբ է դրել տարածքի համար անսովոր մի ճյուղի` ջայլամաբուծության զարգացմանը:

«Արմենպրեսի» հետ զրույցում Սահակ Սահակյանը պատմեց, որ ինքը երկու շաբաթական ջայլամի 50  ճտերը բերել է Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ զբաղվել նրանց խնամքով` Ճամբարակում ջայլամաբուծությանը սկիզբ տալու նպատակով: Խնամքի փորձի եւ գիտելիքների պակասի պատճառով ժամանակի ընթացքում մեծ թիվ են կազմել անկումները: Ջայլամների որոշ մասի միսը Սահակը վաճառել է` ծախսերը որոշակիորեն ծածկելու համար, իսկ այժմ նրա տնտեսությունում պահվում է 9  ջայլամ` 5 էգ եւ 4 արու: Դրանցից յուրաքանչյուրն արդեն կշռում  է 120-130 կիլոգրամ: Ջայլամները գիշերում են իրենց համար կառուցված հատուկ գոմում, իսկ ցերեկները դուրս են գալիս հարմարեցված ու ցանկապատված բաց տարածք:

Ջայլամաբույծը լիահույս է, որ այս տարի արդեն էգերը կսկսեն ձու ածել, քանի որ արուները վերջապես դառնում են սեռահասուն, իսկ ջայլամներն արդեն տարիների ընթացքում լիովին հարմարվել են տեղանքին ու կենսապայմաններին: «Այս գործի վրա արդեն ծախսել եմ մոտ 12 միլիոն դրամ, սակայն իմ ջանքերն արդյունք կարող են տալ միայն եկող տարվանից, երբ ջայլամները կսկսեն ձու ածել եւ սերունդ տալ: Արդեն տիրապետում եմ խնամքի հետ կապված  բոլոր նրբություններին եւ վստահ եմ, որ իմ սկսած գործը կունենա հաջողություն եւ զարգացում, կարմատավորվի նաեւ այլ տնտեսություններում»,-ասաց Սահակ Սահակյանը:

Նա հավելեց, որ ջայլամներից յուրաքանչյուրն օրական ուտում է մինչեւ 3 կիլոգրամ կեր` ցորեն, գարի, եգիպտացորեն, թեփ: Դրանք դիմացկուն են անգամ Ճամբարակի սառնամանիքների նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Պոլսեցի լրագրողն ու GALLUP-ը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Էլեկտրաէներգիայի տատանումների դեպքերի հետևանքով որոշ սպառողներ կրել են ֆինանսական վնասներ’