‘Ճանաչեք գրականությունը, որ ձեզ չուտեն. Սամվել Մկրտչյանի անվամբ հուշատախտակը բացվեց Երեւանում (Տեսանյութ)’

1545

Իր ծննդյան 56-րդ տարեդարձին՝ այսօր, Նոր Նորքի շենքերից մեկի մուտքի վրա տեղադրվեց գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի անունը կրող հուշատախտակը: Այն բացեցին թարգմանչի հայրը եւ որդին:

Թոմաս Էլիոթ, Ուիլյամ Ֆոլքներ, Էդգար Պո, Սարոյան, Ջեյմս Ջոյս, Չարլզ Բուքովսկի՝ ահա Սամվել Մկրտչյանի շնոհիվ հայերեն դարձած՝ համաշխարհային գրականության ներկայացուցիչների՝ ամենեւին ոչ լրիվ ցանկը:  

Գրականագետ Հակոբ Մովսեսի խոսքով, գրողը լեզվի հետ հարաբերվելու մեծ հնարավորություն ունի, այն դեպքում, երբ թարգմանչի հնարավորությունները սահմանափակ են:

«Բայց թարգմանիչը մի ուրիշ հնարավորություն ունի՝ եղած նյութի մեջ ստեղծելու լեզվի հետ գրողի հարաբերությունների միստերիան: Եթե մեր իրականության մեջ թարգմանաբանությունը վերականգնվի, Սամվելի մասին մենագրություններ կգրվեն: Եթե խոսենք միայն Ջոյսի «Ուլիսեսի» մասին, երեք բան պետք է ասենք. առաջին, որ անհնարին գիրք է թարգմանել Սամվելը: Ամեն մի ժողովուրդ ու ամեն մի լեզու չէ, որ հնարավորություն ունի այդ գիրքը թարգմանելու: Երկրորդը՝  այն թարգմանել է անհնարին սկզբունքներով: Ես նկատի ունեմ, որ «Ուլիսես»-ի ամեն մի դրվագ գրված է մի սկզբունքով. մեկը՝ աբսուրդի սկզբունքով, մեկը՝ իրոնիայի, մեկը՝ գիտակցական հոսքի սկզբունքով, մեկը՝ չոր, մամռոտ լատիներենի սկզբունքով: Այսինքն, թարգմանել էդ բոլոր ոճերը եւ գտնել այդ ոճերի բանալիները՝ տրված է միայն տաղանդավոր մարդու: Սամվելը գտել է այդ բանալիները», — ասաց Հակոբ Մովսեսը:

Բանաստեղծ Մհեր Արշակյանի խոսքով, գրականության հետ շփումը միշտ լինում է գործնական:

«Սա մի գաղտնիք է, որը ես ստացել եմ «Աբիսողոմ, Աբիսողոմ» վեպից, որը թարգմանել է Սամվել Մկրտչյանը: Գիրքը կարդալով չէ: Վերցրեք «Աբիսողոմ»-ը եւ կիմանաք, որ գիրքը կարդալով չէ, գրքի հետ շփումը գործնական է: Այսինքն, պառկում ես՝ գիրքը կա, արթնանում ես՝ կա, հաց ես ուտում, գիրքը կա, բայց քո աչքի առաջ չէ: Եթե էդ գործնական շփումը չեղավ, գրքի հետ շփումը ոչինչ է», — ասաց նա:

«Ճանաչեք գրականությունը, որպեսզի լինեք քաղաքացի, ճանաչեք գրականությունը, որպեսզի ձեզ չկարողանան ուտել: Որովհետեւ, եթե ձեզ կերան, դուք ոչինչ եք», — ասաց ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը:

Սամվել Մկրտչյանը մահացել է 2014-ի դեկտեմբերի 7-ին: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելում անհայտ բարերարը փողով ծրարներ է դնում ավտոմեքենաների դիմապակուն’
Հաջորդ հոդվածը‘Խոհարարական գիրք՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների կանանց համար’