‘Ճանապարհային քարտեզ Րաֆֆիի համար. «Կոնսենսուս մինուս Սերժ»’

12

Դատելով «անկախ» լրատվամիջոցների հրապարակումներից, իշխանական  շրջանակների արձագանքներից ու «սկզբունքային» ընդդիմադիրների պահվածքից՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն անհանգստացած են Րաֆֆի ՀովհաննիսյանԳագիկ Ծառուկյան հանդիպման փաստից, քանզի շատ լավ հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել քաղաքական դաշտի ոչ կոալիցիոն հատվածի կոնսոլիդացիան։ Մինչև այժմ Բաղրամյան 26–ի համար ամեն ինչ հանգիստ էր ընթանում։ Իշխանությանը ձեռնտու էր Րաֆֆու անշառ մարզարշավը, մարզպետների հրաժարականի պահանջն ու հետընտրական պայքարն այսպես կոչված քաղաքացիական հարթության մեջ պահելը։ 

Սազանդարներն ու Րաֆֆի Հովհաննիսյանի իբր կողմնակիցները ողջունում էին բարի հեղափոխության գաղափարը, խորհուրդ տալիս Րաֆֆուն չդիմել ՍԴ և ուղիներ որոնել Սերժի հետ «երկխոսության» համար։ Րաֆֆու շուրջ հավաքված և այլ նպատակներ հետապնդող «հեղափոխականներին» նման «պայքարը» ձեռնտու է՝ ձեռնտու լինելով նաև Սերժ Սարգսյանի համար։

Ժամանակը, սակայն, Րաֆֆիին ցույց տվեց, որ հաջողության հասնելու և Սերժ Սարգսյանին իրական զիջումներ պարտադրելու համար անհրաժեշտ է քաղաքական լայն կոնսոլիդացիա։ Պատահական չէ, որ տեղի ունեցավ ԲՀԿ–«Ժառանգություն» հանդիպումը։ Ճիշտ է, առայժմ վաղ է խոսել այդ ուժերի սերտ համագործակցության մասին, բայց հանդիպման փաստն ինքնին ցույց է տալիս՝ կա գիտակցում այն բանի, որ պետք է վերականգնել«Կոնսենսուս մինուս Սերժ» ձևաչափը կամ որ նույնն է՝ ՀՅԴ–ՀԱԿ–ԲՀԿ–«Ժառանգություն» քառյակի համատեղ բռունցքը։ Միայն ՀՅԴ–«Ժառանգություն» համագործակցությամբ գործը գլուխ չի գա։

Իշխանությունն անհանգստացած է հենց 4–ի ձևաչափի կայացման հեռանկարից, քանի որ լավ գիտակցում է դրա հետևանքները։ Սերժի հենարանը պառակտված քաղաքական դաշտն է, և նա սարսափում է «փողոցի», կազմակերպչական ռեսուրսի, կայացած կառույցների ու կապիտալի միաձուլումից։ ՀՀԿ ղեկավարը վախենում է նաև այն բանից, որ 4–ի համատեղ ջանքի արդյունքում լուրջ ճաքեր կառաջանան իշխանական բուրգի ներսում, ինչը կբերի իր իզոլացմանը։ Սերժը կարողացավ քանդել կոնսենսուսը նախագահական ընտրություններից առաջ, բայց հանրությունը նշյալ քաղաքական ուժերի առաջ պահանջ է դրել իր քվեարկությամբ՝ գնալ միավորման ճանապարհով։

Հիմա ամեն ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքերում է։ Նա պետք է վերջ տա անորոշությանը, հանդիպում նախաձեռնի նաև Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, դադարեցնի 2008–ից ձևավորված շարժման դեմ պայքարը և նպաստի իշխանության ջանքերով պառակտված քառյակի միավորմանը (ինքն առաջինը լքեց 4–ի ձևաչափը, ինքն էլ պարտավոր է մերանի ֆունկցիա կատարել)։ Մենք այդ հարցերում 100 տոկոսով կաջակցենք նրան։ Հակառակ պարագայում՝ «քլնգոցի» պակաս Րաֆֆին չի զգա (համենայնդեպս «7 օրի» կողմից)։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նրա քայլերը կանխատեսելի են։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի «թունդ ընդդիմադիրները» ստիպեն Րաֆֆիին՝ «բյուրեղյա մաքրության» մեջ պահել շարժումը և հեռու մնալ ԲՀԿ–ից, ինչը փաստացի նշանակում է տուն գնալու քաղաքականություն։ «Բարի» պայքարն, ըստ այդմ, սերժանպաստ պայքարն է։ Հետևաբար՝ կեցցե՛ «չար» պայքարը, որի արդյունքը Հայաստանում դրական փոփոխություններն են լինելու, եթե, իհարկե, քաղաքական ուժերը խոհեմություն ցուցաբերեն ու զերծ մնան գայթակղություններից։

Ամփոփենք. փետրվարի 18–ին ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու յուրօրինակ հանրաքվեի իրական արդյունքներին տեր կանգնելու համար՝ Րաֆֆին պետք է նպաստի քաղաքական կոնսոլիդացիային։ Հանգամանքների բերումով միայն նա կարող է այսօր այդ դերը կատարել։

Քաղաքական լայն կոնսոլիդացիան, ի դեպ, բացարձակապես չի հակասում քաղաքացիական պայքարի գաղափարին, ինչպես որ ցանկանում են հրամցնել «անկախ» լրատվամիջոցներն ու պալատական սազանդարները։ Քաղաքականն ու քաղաքացիականը չի կարելի տարանջատել։ Ավելին, առանց քաղաքականի՝ չկա ու չի կարող լինել արդյունավետ քաղաքացիական պայքար ընտրակեղծիքների դեմ։ Չի՛ կարող հետընտրական պայքարն ապաքաղաքական լինել։ Դա նոնսենս է։ Եվ ուրեմն, պայքարի քաղաքականացում, քաղաքականացում և միայն քաղաքականացում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՍԴ՝ ԿԸՀ հրապարակած արդյունքները վերանայելու պահանջով։ Մինչև այդ նա կամուկացի մեջ էր։

Ուշագրավն այն է, որ իշխանություններն իրենց դրածոների (սրանք հիմա «թունդ րաֆֆիական» են խաղում այնպես, ինչպես մի ժամանակ «թունդ լևոնական» էին, բայց անհրաժեշտ պահին հայտնվեցին Սերժի «բոստանում») և այդ դրածոների ջրերն ընկած «ազնիվ քյարփինջների» միջոցով  հարթակից ու այլ տեղերից հայտարարում էին, թե պետք չէ դիմել ՍԴ, քանզի պարզ է, թե ինչ որոշում է ընդունվելու։

«ՍԴ–ի կանխատեսելի որոշումը կլեգիտիմացնի կեղծված ընտրությունների արդյունքը։ Դա թույլ չտալու համար պետք է շարունակել բարևարշավն ու … »,– տուն գնալու մարտավարությունը պայքարի տեղ էին հրամցնում նորահայտ «դհոլները»։ Րաֆֆին իր քայլով «չփացրեց» այդ մարդկանց։

Հետաքրքիր կլինի հիմա տեսնել այդ «սկզբունքայինների» ու «րաֆֆիականների» դեմքի արտահայտությունը։ Դե, արտահայտվե՛ք։  Ոնց որ թե «Բարևի» հեղափոխությունն ուզում է շեղվել «բարի» ընթացքից ու մտնել «չար»փուլ։ Պատրա՞ստ եք,  հարգելի տղաներ ու աղջիկներ, հը՞։

7or.am

  

Նախորդ հոդվածը‘Վիլանովան կվերադառնա մարտի վերջին’
Հաջորդ հոդվածը‘«Իմ տղան կապ չունի Հայրիկյանի դեմ մահափորձի հետ». Մամուլ’