‘
Ճապոնացի կենդանասերները հագուստի ստեղծման նոր մոտեցում են հորինել. բացառիկ ճղած ջինսեր պատրաստելու համար նրանք որոշել են ներգրավել կենդանաբանական այգու գիշատիչներին: «Մենք փնտրում էինք կենդանի բնության պաշտպանության պարզ միջոց: Ընդ որում՝ ուզում էինք մեծացնել կենդանիների նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդության շրջանում: Այդպես մենք հանգեցինք zoo-ջինսերի գաղափարին»,- հայտնել է ZOO Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:
Նրանք նախ կապվել են Տոկիոյի կենդանաբանական այգու տնօրինության հետ և առաջարկել այնտեղի վագրերին, առյուծներին և արջերին նոր խաղալիքներ տրամադրել: Ստանալով տնօրինության համաձայնությունը՝ ձեռներեցները ջինսե կտորով փաթաթել են ավտոմեքենայի անվադողերը և մեծ փուչիկները ու դրանք նետել գիշատիչների վանդակը: «Մենք պարզապես թույլ տվեցինք, որ նրանք մի երեք ժամ խաղան դրանցով»,- ասել է Միյամոտոն: Այնուհետև կենդանիների ատամներով ու ճանկերով մշակված կտորն ուղարկվել է ֆաբրիկա, որտեղ դրանից չորս հատ նորաձև ճղած ջինս են կարել: «Բոլոր պատռվածքներն ու անցքերը ստեղծվել են մաքուր կենդանական բնազդով»,- նշել է նախագծի հեղինակը:
Ջինսերից երեքը օնլայն-վաճառքի են դրվել, որը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Մեկ ջինսե տաբատի գինն արդեն հասել է մոտավորապես 1,2 հազար դոլարի: Վաճառքից ստացված հասույթը նախատեսվում է ուղղել Տոկիոյի կենդանաբանական այգու և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի բյուջեին: Փոխանցում է lenta.ru-ն:
‘