‘Ճապոնիայի կայսրն ակնարկել է գահից հրաժարվելու հնարավորության մասին’

1721

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հանդես է եկել ժողովրդին հասցեագրված ուղերձով, որում ակնարկել է առաջիկայում գահից հրաժարվելու հնարավորության մասին, այսօր տեղեկացրել է Reuters-ը:

Միապետի 10 րոպեանոց ճառը նախապես է ձայնագրվել: 82-ամյա Ակիհիտոն խորհրդածում է իր տարիքի, դաժան ժամանակացույցի, առողջական խնդիրների մասին: «Երբ ես մտածում եմ այն մասին, որ իմ վիճակն աստիճանաբար վատանում է, անհանգստանում եմ, որ ավելի ու ավելի դժվար է դառնալու պարտականություններս կատարելը՝ որպես պետության խորհրդանիշ, ինչով զբաղվել եմ մինչ օրս»,- գանգատվել է միապետը:

Մոտավորապես մեկ ամիս առաջ՝ հուլիսի 13-ին, ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը, հղում անելով բարձրաստիճան  աղբյուրի, տեղեկացրել է, որ կայսրը մտադիր է մոտ ժամանակներս հրաժարվել գահից և այն փոխանցել որդուն՝ 56-ամյա Նարուհիտոյին: Այն ժամանակ կայսրական պալատի կառավարչությունը կտարականապես հերքել էր այդ լուրը:

Արքայազն Նարուհիտոն սովորել է Օքսֆորդում, պատմական գիտությունների մագիստրոսի կոչում ունի, սիրում է զբոսաշրջությունը և լեռնագնացությունը, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է: Արքայազնը ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Կայսր Ակիհիտոն գահը զբաղեցնում է 1989 թվականից: Նա ճապոնական առաջին կայսրն է, որ ամուսնացել է ազնվազարմ ծագում չունեցող կնոջ հետ:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանում մահապատժի են ենթարկել միջուկագետ գիտնականի’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ’