Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստ է հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ «ցանկացած ժամանակ» և «առանց նախապայմանների»։
Այդ մասին մամուլի պարբերական ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Մացունոն շեշտել է, որ վարչապետը շարունակում է ԿԺԴՀ-ին ազդանշաններ փոխանցել, որ պատրաստ է ճապոնա-հյուսիսկորեական հարաբերություններում ծագած բոլոր հարցերը քննարկել և «միասին նոր դարաշրջանի դուռ բացել» երկկողմ հարաբերություններում։
«Անհրաժեշտ է հանդիպում անցկացնել բարձր մակարդակով, և մենք մտադիր ենք շարունակել մեր ջանքերն այդ ուղղությամբ, բարձր մակարդակով խորհրդակցությունների շրջանակներում, որոնք կընթանան վարչապետի անձնական վերահսկողությամբ»,- հավելել է կառավարության գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Կիսիդան, ինչպես նաև նրա նախորդները, վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպելու Կիմ Չեն Ինի հետ, որպեսզի լուծեն ԿԺԴՀ հետախուզության կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների խնդիրը։ Այդ թեման ամենացավոտ հարցերից մեկն է երկու պետությունների հարաբերություններում, որոնք պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն։
Փոխանցում է tass.ru-ն։