‘
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան այսօր պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի ստորին պալատը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ նշանակելու իր որոշման մասին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 16-ին, իսկ ընտրարշավը կսկսվի դեկտեմբերի 4-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ստորին պալատի արձակման որոշումն այսօր կառավարության արտահերթ նիստում հաստատել են բոլոր նախարարները: Դրանից հետո համապատասխան փաստաթուղթը կներկայացվի կայսերի հաստատմանը, որը արդեն ֆորմալ հրամանագիր կհրապարակի:
Վաղաժամկետ ընտրություններն անցկացվում են ընդդիմության խիստ ճնշման ներքո, որը մտադիր է իշխանությունից հեռացնել իշխող Ժողովրդավարական կուսակցությանը, որը վերջին ժամանակներս կորցնում է ընտրողների աջակցությունը: Չնայած վարչապետ Նոդան հույս ունի, որ ընտրողները կգնահատեն իր այս քայլը, բոլոր հարցումները վկայում են այն մասին, որ ընտրություններին հաղթանակ կտոնի ընդդիմադիր Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ:
‘