‘
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը կասկածվում է նախկին ամուսնու ջութակների և աղեղների հավաքածուն ոչնչացնելու մեջ: Հավաքածուի ընդհանուր արժեքը հասնում է 105,9 մլն իենի (950 հազար դոլար):
Ոստիկանությունը հայտնել է, որ 34-ամյա կասկածյալը ներխուժել է նախկին ամուսնու տուն, երբ նա գործուղման է եղել, և ջարդել է 54 ջութակ: Դեպքը տեղի է ունեցել 2014 թ.՝ ամուսինների բաժանման ամենաթեժ պահին, սակայն ոստիկանությունը կնոջը հիմա է ձերբակալել: Նա չի հերքում, որ ներխուժել է նախկին ամուսնու տուն, բայց պնդում է, որ ջութակներին ձեռք չի տվել:
62-ամյա նախկին ամուսինն զբաղվում է ջութակների պատրաստմամբ ու վաճառքով: Նրա հավաքածուի ամենաարժեքավոր գործիքը 50 մլն իեն (գրեթե 450 հազար դոլար) արժողությամբ իտալական ջութակն էր, հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը:
Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կինը չինուհի է, և նրան ձերբակալել են, երբ Չինաստանից վերադարձել է Տոկիո:
Փոխանցում է BBC-ն:
‘