‘Ճարպակալման դեմ պայքարն առայժմ անարդյունավետ է’

1443

Ճարպակալման դեմ պայքարում մինչև 2025 թ. հաջողության հասնելու հնարավորություն, գործնականում, չկա, ասվում է  Lancet ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Վերջին 40 տարում (1975-ից մինչև 2015 թթ.) ավելորդ քաշից տառապող մարդկանց թիվը 105 միլիոնից հասել է 641 միլիոնի, նշվում է զեկույցում: Ընդ որում՝ տղամարդկանց թիվը եռապատկվել է այդ ընթացքում, իսկ կանանցը՝ կրկնապատկվել: Ճարպակալությունից տառապող մարդկանց թիվը մոլորակի վրա գերազանցել է անբավարար քաշ ունեցողների թվին: Եթե այս միտումը պահպանվի, ապա մինչև 2025 թ. ճարպակալությունից կտառապի տղամարդկանց 18 և կանանց 21 տոկոսը:

Ամենամեծ թվով գիրուկներ ապրում են Չինաստանում՝ 42,2 մլն տղամարդ և 46,4 մլն կին: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է:

Գիտնականները կարծում են, որ միայն բժշկական միջոցներով և հեծանվային ճանապարհներ կառուցելով խնդիրը չի լուծվի: Հետազոտության հեղինակները, մասնավորապես, իշխանություններին առաջարկում են բարձրացնել ճարպակալման հակող սննդամթերքի գները և ավելի մատչելի դարձնել, այսպես կոչված՝ առողջ սնունդը: Հակառակորդները պնդում են, որ պետությունը չպետք է թելադրի, թե մարդիկ ինչ ուտեն, ինչ՝ ոչ, և նման միջամտությունը չի կարող խնդրի լուծում լինել:

Անցյալ տարի ԱՀԿ-ն զեկույց էր ներկայացրել, որում ասվում էր, որ 2030 թ. Մեծ Բրիտանիայում տղամարդկանց 75 %-ը և կանանց 60 %-ը ճարպակալման խնդրի առջև կկանգնի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Amnesty. Թուրքիան ապօրինաբար երկրից վտարում է փախստականներին’
Հաջորդ հոդվածը‘Բելգիան համաձայնել է Սալահ Աբդեսլամին հանձնել Ֆրանսիային’