‘Ճարտարապետների միության նախագահը զարմացած է Երևանի ավագանու «քար լռությամբ»’

1222

Ոչ մի առաջխաղացում չկա: Փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ու նշեց. «Ես շատ ցավալի եմ համարում այն, ինչ այսօր կատարվում է Փակ շուկայի հետ: Իսկ առավել ցավալի է այն, որ դա արվում է մեր քաղաքացու ձեռքով, ով պատգամավորական մանդատ ունի»:

Ըստ Panarmenian.net-ի, Մ. Մինասյանն այսօր էլ նշեց, որ իրենք դիմել են տարբեր պետական ատյաններ, մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, սակայն որևէ արդյունք չկա: «Առանց նախագծի շինարարությունը շարունակվում է, իսկ նույնիսկ մեկհարկանի կառույցը պարտադիր ունենում է հաստատված նախագիծ», — ասաց նա ու նշեց նաև, որ զարմացած է Երևանի ավագանու «քար լռությամբ», որ ոչ մի անգամ չի առաջարկել քննարկել Փակ շուկայի հարցը:

«Ավագանին ոչ մի անգամ չմիացավ ու չասեց` եկեք քննարկենք, մենք կորցնում ենք մեր քաղաքի ամենագեղեցիկ, ամենակարևոր հատվածներից մեկը»,- ասաց ճարտարապետը: Ըստ նրա` սա վկայում է, որ օրենքից վեր կանգնած մարդիկ կան:

Իսկ երեկ դատախազությունից ստացել են իրենց կողմից հղված նամակներից մեկի պատասխանը, ըստ որի` «այն, ինչ կատարվում է Փակ շուկայում, հանցակազմ չի պարունակում, հանցանքի հետք չկա»: Սրան հակառակ ճարտարապետը նշում է` հուշարձանի նկատմամբ արդեն իսկ կատարվածը բավական է ասելու, որ հանցագործություն է կատարվել ու ամենախիստ պատիժը պետք է կիրառվի: «Եթե նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին) չխառնվի, այս հարցը չի լուծվի»,- նշեց Մ. Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Վնասվածքս լուրջ չէր. շուտով կվերադառնամ’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում է’